понедельник, 23 июля 2012 г.

Սուրբ Հայրերի խրատներից

ԾՆՈՂՆԵՐԻ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 
Ինչպիսի հասարակարգում էլ մարդն ապրելիս լինի, ընտանիքը միշտ եղել է ժողովրդի կենսունակության ամենակարևոր չափանիշը: Հետևաբար քրիստոնեական Եկեղեցին միշտ էլ կարևորել է ամուր, առողջ և բարեպաշտ ընտանիք ունենալու գաղափարը: Այս ամենն իրագործելու համար նախ ընտանիքում պետք է իշխի սերը, վստահությունը, փոխըմբռնումը, և ամենագլխավորը` երեխաների ճիշտ և քրիստոնյավայել դաստիարակությունը: Եկեղեցու հայրերն իրենց առաքելության և գործունեության մեջ մշտապես ուշադրություն են դարձրել ծնողներ-երեխաներ փոխհարաբերություններին, տվել համապատասխան խորհուրդներ, խրատներ` երեխաներին դաստիարակելու, իսկ ծնողներին իրենց զավակների նկատմամբ ճիշտ վարվելու հարցում: Ուստի ստորև ներկայացվում են Եկեղեցու սուրբ հայրերի կողմից ծնողների, երեխաների և դաստիարակաության մասին ուսուցումներ ու հոգեշահ խրատներ:

Նախ ինքդ եղիր այնպիսին, ինչպիսին ուզում ես ուրիշին դարձնել:
Ինչպես ես ուզում երեխաներիդ կարգի հրավիրել, երբ ինքդ անկարգ կյանք ես վարում: (Սուրբ Բարսեղ Մեծ)

Ջրի կաթիլը ողորկ մակերեսին կգնա այնտեղ, ուր որ մատով ուղղես, այդպես էլ մատղաշ երեխաներին կարելի է ուղղել թե լավ, թե վատ կողմերի: Իրենց երեխաներին ինչպես հարկն է չդաստիարակող ծնողները, նրանց ծնում են այն ժամանակավոր կյանքի համար և բացում են նրա առջև հավիտենական մահվան դռները: (Երանելի Հերոնիմոս)

Ծնողները ոչ միայն իրենց մեղքերի համար կպատժվեն, այլև իրենց երեխաների, եթե նրանց առաքինաբար չդաստիարակեն:
Այգեպանը մատաղատունկը նախ կապում է հողի մեջ ամրացված փայտի հետ, որպեսզի քամին չվնասի, հետո աստիճանաբար կտրատում է ավելորդ ճյուղերը, որպեսզի չվնասեն ու չորացնեն տունկը: Այդպես էլ դուք ձեր երեխաների հետ վարվեք, նրանց սրտերը նախ Աստծո վախով հաստատեք, որպեսզի նրանք չտարուբերվեն զանազան գայթակղություններից, հետո կտրատեք նրանց մեջ առաջացող մոլությունները, որպեսզի դրանք չզորանան ու սպանեն ներքին մարդը, որ վերստին ծնվում է Սուրբ ավազանի մկրտությամբ: Չկա ավելի բարձրագույն արվեստ, քան դաստիարակության գործը: Քանդակագործը անկենդան մարմին է ստեղծում, իսկ իմաստուն դաստիարակը կենդանի պատկեր, որին նայելով ուրախանում է թե՛ Աստված և թե՛ մարդ:
Եթե դանակի հարվածով վիրավորենք մանուկին, նվազ վնաս հասցրած կլինենք, քան թե վատ օրինակ ցույց տալով գայթակղեցնենք նրան: Հաճախ ծնողներից շատերը ամեն ինչ անում են, որ զավակը ունենա հիանալի ձի, սքանչելի տուն, կամ թանկարժեք ունեցվածք, իսկ այն մասին, որ նա ունենա ընտիր հոգի ու բարեպաշտ մտածմունքներ նրանք ոչ մի ուշադրություն չեն դարձնում: Հենց այս է խառնում ամբողջ տիեզերքը:
Երեխաների բարեպաշտության դաստիարակությունը պետք է այնպես ուղղել, որ դաստիարակելով նրանց, չդարձնենք ավելի երեխայասպան, քան ծնող: (Հովհաննես Ոսկեբերան)

Ծնողներից գոհացողը Աստվածասեր մարդ է: Հոր և մոր սրտմտությանը համբերելը մեծ Աստվածպաշտություն է:
Անխրատությունը բոլոր ախտերի մայրն է: (Հայր Եվագր)

Ծնողները զգուշությամբ և պատրաստակամությամբ պետք է կրթեն իրենց զավակներին, խնամեն, պահեն, չթողնեն, որ պարապ թափառեն, տեսնեն, լսեն ու սովորեն մեղսագործել: Աստծո ատյանի արջև ծնողները հանդիսանում են նրանց չարիքների պատասխանատուն:
Մանուկի միտքը հստակ հայելու է նման. անխրատ մի թող, որպեսզի մեղքի ժանգը նստելով չապականի այն
Ոչ միայն գրքերն  ու օրենքներն են խրատում սիրել ծնողներին, այլև անասուններն ու թռչուները բնությամբ ծնողասիրություն ունեն: Օրինակ` արագիլների համար ասում են, թե երբ իրենց ծնողները ծերանում են, նրանց թևերի տակ են մտնում, ման են տալիս ու կերակրում, իսկ երբ չեն կարողանում այլևս քայլել, բնի մեջ են նստեցնում, կերակուր են բերում և սնում նրանց, այնպես, ինչպես նրանք էին սնել իրենց ձագերին: Արդ ամոթ է,  որ մարդիկ թռչուներից ավելի վատթար գտնվեն, անտեսեն ծնողներին ու մոռանան բարիքը:
Ծնողներիդ հնազանդվի և նրանց պատվի, որովհետև Աստծուց հետո մարդու բարերարները ծնողներն են: Պատվեք ձեր ծնողներին, որոնք Աստծուց հետո ձեր ծննդյան պատճառն են: Նրանց ծերությանը խնամք տարեք և նրանց հրամաններին հնազանդվեք, որպեսզի օրհնության արժանի լինեք: (Հովհաննես Երզնկացի)

Բազում պատճառներում ծնողները պատվի են արժանի: Նախ, որ Աստծո պատկերն են, և խորհրդավորաբար Աստծուն տրվելիք պատվին են արժանի` որպես ծնող: Երկրորդ, քանի որ գործիք են Աստծո պատկերը մեր վրա ձևավորելու համար, որովհետև առանց ծնողների Աստված ոչ հոգի է ստեղծում և ոչ էլ մարդ կազմավորում որովայնի մեջ: (Գրիգոր Տաթևացի)

Դուք ձեր զավակներին օրհնեցե՛ք այնպես, որ նրանք հայրենատուր սուրբ կրոնը, հավատը, սուրբ ավանդությունները՝ անարատ ու անեղծ պահեն, Հայաստանյայց Եկեղեցին սիրեն, Թադևոսի, Բարդուղիմեոսի և Լուսավորիչ հոր հոտից ու փարախից չբաժանվեն: Օրհնեցե՛ք, որ նրանք Ավետարանը գրկեն ու սովորեն նրա սիրո դասերը, եղբորը սիրեն, ընկերոջը սիրեն ու մարդասեր լինեն: (Խրիմյան Հայրիկ)   

ՍՈՒՐԲ  ՀԱՅՐԵՐԻ ՎԱՐՔԻՑ
Մի անգամ մի եպիսկոպոսի մոտ պիղծ ոգուց տանջվող մի պատանու բերեցին: Միշտ մարդասեր եպիսկոպոսը, առանց  խնդրանքների բժշկում էր բոլորին, բայց այս անգամ դժկամություն ցուցաբերեց: Ծնողները լացակումած աղաչում էին Աստծո մարդուն, որ խղճա իրենց որդուն և ազատի այդ պիղծ ոգուց: Եվ ասաց Աստծո մարդը. «Ձեր որդին անարժան է բժշկության, այդ տանջող ոգին տրված է նրան, որովհետև նա հայրասպան է»: Ծնողներն այս լսելով`  սարսափեցին: Իսկ եպիսկոպոսը հարցրեց. «Ձեր որդին հաճա՞խ է ձեզ անպատվում»: «Այդ ճիշտ է», -ասաց հայրը: «Եվ դուք մի անգամ այդ արարքից  խիստ դառնացած աղոթել էիք, որ Աստված պատժի նրան», - շարունակեց  եպիսկոպոսը: «Մեղք են գործել Աստծո առաջ», -հառաչելով պատասխանեցին ծնողները: «Ո՛չ, թող ձեր տղան տանջվի, որպես արժանի պատիժ», -ասաց  Աստծո մարդը: Բայց դժբախտ ծնողները` խղճահարվելով իրենց որդու համար, չէին դադարում աղաչել, որ նա Աստծուն խնդրի և բժշկի իրենց որդուն: Ու միայն պատանու ծնողների արցունքների համար եպիսկոպոսը օրհնեց և Աստծուն աղոթելով` բժշկեց նրան:   

Երբ դեռ Նիտրա լեռան վրա ապրում էր Հայր Ամմոնը, պատմում են, որ նրա մոտ են բերել շղթաներով կապված մի կատաղած տղայի, որին մի կատաղած շուն էր կծել: Անտանելի ցավերից տղան ամբողջովին կրծոտել էր իրեն: Սուրբ Ամմոնը տեսնելով նրա ծնողներին, որոնք եկել էին նրան խնդրելու իրենց որդու համար, ասաց. «Ինչո՞ւ եք ինձ չարչարում, պահանջելով ինձանից այն` ինչ իմ ուժերից վեր է: Սակայն օգնությունը պատրաստ է ու այն ձեր ձեռքերում է. վերադարձրեք այն որբևայրու փողը ու ձեր տղան կլավանա»: Այդ մերկացումից ահաբեկված ծնողները` իսկույն կատարեցին այն, ինչ ասվեց իրենց: Եվ Հայր Ամմոնի աղոթքով տղան բժշկվեց:

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՒՐԲ ԳՐՔԻՑ
Ով չի գործադրում խրատի գավազանը, նա ատում է իր որդուն:
Քո խրատը մի խնայիր երեխային, որովհետև եթե գավազանով էլ խփես, չի մեռնի, դու նրան կհարվածես գավազանով, բայց նրա հոգին կփրկես դժոխքից:
Այն աչքը, որ արհամարում է հորը և անարգում մոր ծերությունը, ձորերի ագռավները պիտի հանեն և արծիվների ձագերը պիտի հոշոտեն: (Առակներ 13. 13, 24. 14- 15,  50. 17)

Հոր օրհնությունն ամրացնում է որդիների տները, իսկ մոր անեծքը խարխլում է հիմքերը: (Սիրաք 3. 11)

Հիսուս ասաց. «Ով որ ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ կլիներ, եթե նրա պարանոցից կախված լիներ էշի մի երկնաքար, և ծովը գցվեր»: (Մարկոս Թ 14)

Զավակնե՛ր, իբրև Տիրոջ հետևորդներ, ձեր պարտականությունն է հնազանդվել ձեր ծնողներին, որովհետև ա՛յդ է ճիշտը: «Պատվի՛ր քո հորն ու մորը». սա առաջին պատվիրանն է, որ իրեն կապված մի խոստում ունի. «որպեսզի միշտ բարիք գտնես, և կյանքդ երկար լինի երկրի վրա»:
Իսկ դուք, հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր զավակներին, այլ մեծացրե՛ք նրանց քրիստոնեական դաստիարակությամբ և կրթությամբ: (Եփեսացիներին 6. 1-4)


ԼՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՏԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Որ մարդու խոսքը զորություն ունի, այդ բանը շատերս գիտենք, և համոզվել ենք սեփական փորձից, բայց որ լռությունն էլ ոչ պակաս զորություն ունի, դրա վերաբերյալ քչերս գիտենք: Աստծո սուրբերը շատ լավ էին հասկացել շատախոսության մեղքի ապականիչ զորության, կործանարար ազդեցության մասին և ամեն ջանք գործադրել են առանձնանալ և լռության մեջ իրենց Տիրոջ հետ խոսել, քանզի համոզվել են, որ Աստված լռության մեջ է խոսում, երբ հանդարտվում են մեր աշխարհասեր կրքերի պղտոր ալիքները, որոնք անդադար փոթորկում են մեր հոգիները: Եվ դրանով իսկ ձգտում էին կատարելության, քանզի կարդացել էին Աստծո ծառայի խոսքը, որը գրել էր. «Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է» (Հակոբ Գ. 2):  
Իսկ թե մեր անսանձ լեզվի և շատախոսության պատճառով ինչքան ենք տուժել, թե՛ մենք, և թե՛ մեր դրացիները, համոզվել ենք մեր բազմաչարչար այս կյանքից: Ուրեմն ուշադիր ունկնդրենք Սուրբ հայրերի այս խրատները և նրանց խոսքերն ու գործերը թող յուրաքանչյուրիս համար օրինակ լինեն, այսուհետև շատախոսության մեղավոր այս ախտից զգուշանալու և լռության մեջ թաքնված օրհնություններին հաղորդ լինելու համար:

Ով բազմապատկում է խոսքերը, նա չի կարող զերծ մնալ մեղքերից:
Լեզվիդ տիրություն արա՛ ու խոսքերդ մի՛ բազմապատկիր:  
Իմաստուն եղի՛ր և լռությամբ փակի՛ր քեզ զրպարտողի բերանը:
Ո՛վ մարդ՝ իշխի՛ր լեզվիդ, որ մեղքերդ չբազմապատկես:
Լռություն սիրողը գտնվում է Աստծո ու հրեշտակների կողքին:
Ջանք անենք, որ մեր շրթունքներին պահապան դնենք, որպեսզի ոչ մեկի հանդեպ ոչ մի վատ բան չխոսենք, քանզի չար խոսքը թույնից էլ վատ է:
Բոլոր տեսակի վերքերը բժշկելի են, բայց չար լեզվից առաջացած վերքերը բժշկություն չունեն:
Խոսքերդ մի՛ բազմապատկիր, շատախոսությունը կհեռացնի Աստծուց:
Ով քո խոսքերին ուշադրություն չի դարձնում՝ լռի՛ր:
Շատախոսությունը քեզանից կվանի Աստծո Հոգին:
Եկեղեցում ընդհանրապես մի՛ խոսիր:
Լռությունը մեր Տիրոջ ընդհօրինակումն է: (Անտոն Մեծ)

Աստվածաբանելը լա՛վ է, բայց ավելի լավ է, եթե մարդն իրեն մաքրում է Աստծո համար: Լռությունը մարդուն մոտեցնում է Աստծուն և կարծես երկնային հրեշտակ է դարձնում: Ոչ մի բան այդքան չի աջակցում ներքին խաղաղություն ձեռք բերելուն, ինչքան լռությունը:
Ավելի լավ է սովորել, քան թե չիմանալով սովորեցնել:
Սովորաբար նրանք են լավ խոսում, ովքեր քիչ են խոսում:
Խոսի՛ր այն ժամանակ, երբ լռությունը անօգուտ է:
Անմիտ մարդու խոսքերը նման են ծովի աղմկոտ ալիքների, որոնք անընդհատ խփում են ափերին, բայց առափնյա բույսերը չեն կարողանում ջրել: Ավելի լավ է շատ լսել, քան շատ խոսել, որովհետև շատախոսությունով մեղքերից չես խուսափի: Վախեցի՛ր դատարկախոսությունից, ինչպես վայրի գազաններից ու գիշատիչ թռչուններից, քանզի դրանց նման կոչնչացնեն սուրբ կյանքի արդյունքները:
Բարի խոսքը արծաթ է, իսկ լռությունը՝ մաքուր ոսկի: (Գրիգոր Աստվածաբան)

Լեզուն մարդու ամենաօրհնված և ամենավնասակար օրգանն է:
Մի բարի խոսքը սառնամանիքում էլ կջերմացնի, և հակառակը մի չար խոսքը շոգ ժամանակ էլ կդողացնի: (Մակար Մեծ)  

Սիրի՛ր ավելի լռել, քան խոսել. լռությունից միտքը կենտրոնանում է ինքն իր մեջ, իսկ շատախոսությունից այն մտացրվում է: Թո՛ւյլ մի տուր քեզ ո՛չ լսել, ո՛չ էլ խոսել բաների մասին, որոնք օգտակար չեն ձեր հոգիներին:
Եթե պահպանես լսելիքդ, չես մեղանչի և լեզվով:
Սուրբ մարդիկ սովորաբար սուրբ բաներից են խոսում:
Լեզվի սանձերը թուլացնողը ցույց է տալիս, որ հեռու է առաքինություններից: (Հայր Եսայի)

Երբ մարդ հիշի Սուրբ Գրվածքը. «որովհետև քո խոսքերով պիտի դատեն քեզ` կա՛մ  քեզ արդարացնելու, կա՛մ դատապարտելու համար» (Մատթ ԺԲ, 37), ապա կգերադասի լռել:
Կան մարդիկ, որոնք կարծես, թե լռում են, բայց սրտերում դատում են ուրիշներին, իսկ ոմանք առավոտից  երեկո խոսում են, բայց իրականում լռում են, որովհետև ոչ մի բան առանց օգուտի չեն ասում:
Ինչպիսի դժվարին դրության մեջ էլ ընկնես, անյտեղի հաղթանակը լռությունն է: (Հայր Պիմեն)

Գերադասի՛ր լռությունը, քանզի այն շատ վնասներից է պահում:
Հոգով և մարմնով ունայնախոսությունների ու զվարճությունների տրվողը` շնացող է: Նման արարքներին հավանություն տվողը ու դրանց մասնակցողը՝ պոռնիկ է, իսկ մարդահաճոյությունից դրդրված դրանց մեջ գտնվողը՝ կռապաշտ: (Իսահակ Ասորի)

ՍՈՒՐԲ  ՀԱՅՐԵՐԻ ՎԱՐՔԻՑ
Եղբայրը հարցնում է Հայր Պիմենին. «Ի՞նչ անեմ, իմ խցում լռելով էլ չեմ կարող հանգստություն գտնել»: Ծերը պատասխանեց. «Ոչ ոքի մի՛ հանդիմանիր, մի՛ դատապարտիր և Աստված քեզ հանդարտություն կտա»:   

Հայր Մակար Մեծը, երբ ցրում էր վանական եղբայրների ժողովը՝ ասաց. «Եղբայրներ, փախե՛ք»: Նրանցից մեկը հարցրեց. «Հայր, ո՞ւր փախչենք այս անապատից»: Այդ ժամանակ հայր Մակարը ձեռքը դրեց բերանին ու ասաց. «Սրանից փախե՛ք»: Այս ասելով` գնաց իր խուցը, փակեց դռները ու մնաց մենակ:

Մի եղբայր գնաց հայր Թեոդորոսի մոտ և երեք օր այնտեղ մնալով` նրան աղաչում էր խրատական խոսք լսելու համար: Իսկ ծերը բնավ ոչինչ չխոսեց նրա հետ, և այդ ժամանակ եղբայրը տրտմած գնաց այդ տեղից: Հարցրեց հորն իր աշակերտը. «Հա՛յր, ինչո՞ւ նրան մի բան չխոսեցիր, որի պատճառով գնաց տրտմած»: Պատասխանեց ծերը. «Եղբա՛յր, ի՞նչ ասեի, քանզի խոսքի վաճառական էր և ցանկանում էր օտար խոսքերով հարստանալ, բայց չէր ցանկանում դրանից մի բան սովորել, այլ ձևացնում էր ի ցույց մարդկանց»:

Մի անգամ եղբայրներից ոմանք եկան փորձելու հայր Հովհաննես Կոլովին`  իմանալով, որ նա իրեն թույլ չէր տալիս ոչ մի կենցաղային կամ աշխարհիկ բաներից խոսել: Եվ նրանք ասացին հորը. «Այս ամառ առատ անձրևներ տեղացին, արմավենիների տերևները ոռոգվեցին և շատ ճյուղեր կտան ու եղբայրները մեծ քանակությամբ իրենց ձեռքի աշխատանքի համար հումք կունենան»: Հայր Հովհաննեսը պատասխանեց. «Նմանապես, երբ Սուրբ Հոգին է իջնում սրտերի մեջ, ապա կենդանանալով` պտուղ են տալիս Աստծո երկյուղով»:

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՒՐԲ ԳՐՔԻՑ
Քանի դեռ շունչս վրաս է, ու ռունգերիս մեջ Աստծո Հոգին կա, շրթունքներս անիրավ բան չպիտի ասեն, ու լեզուս նենգություն պիտի չխոսի: (Հոբ 25.4)

Նրանց լեզուները սրած թրեր են:
Տերը պիտի կտրի բոլոր շողոքորթող լեզուները ու մեծախոս լեզուն:
Նա՛, որ ճշմարտություն է խոսում իր սրտից, նա՛, որ լեզվով չի զրպատում իր ընկերոջը չարություն չի անում... իր փողը տոկոսով չի տալիս ու անմեղին դեմ կաշառք չի վերցնում... հավիտյան չպիտի սասանի:
Ասացի թե ճամբաներիս զգուշություն անեմ, որպեսզի լեզվովս մեղք չգործեմ ու բերանս սանձով պահեմ: (Սաղմ. 5. 9, 50. 4, 10.4, 10.2-5, 58.1)

Տերը զզվում է ամբարտավան աչքերից և ստախոս լեզվից ու ստություն խոսող անիրավ վկայից:
Խրատն ու հանդիմանությունները կյանքի ճամբա են, որպեսզի քեզ չար կնոջից, օտար կնոջ շողոքորթող լեզվից պահեն:
Արդարի լեզուն ընտիր արծաթ է:
Մարդիկ կան որոնց անմիտ խոսքերը սրի պես խոցոտում են, բայց իմաստունների լեզուն բժշկություն է:
Ճշմարտախոս լեզուն միշտ հաստատ կմնա:
Խաղաղասեր լեզուն կենաց ծառ է, բայց խռովարար լեզուն սիրտ է կոտրում:
Առաքինի կինը իր բերանը իմաստությամբ է բացում և իր լեզվի վրա ողորմության օրենք կա: (Աակաց 6. 16 -19, 23-24, 10. 20, 12. 18-19, 15. 4, 51. 26)

Ով բարեպաշտ է համարում իրեն, և սակայն սանձ չի դնում իր լեզվին, նա խաբում է ինքն իրեն, որովհետև անօգուտ է նրա բարեպաշտությունը:
Նույնպես և լեզուն. թեև մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներով է պարծենում: Գիտենք, որ փոքր մի կայծ կարող է հրդեհել հսկա մի անտառ: Լեզուն էլ կրակ է, անիրավության աշխարհ: Թեև մարմնի պարզ մեկ անդամն է, բայց ապականում է ամբողջ մարդուն և գեհենի կրակով բորբոքված` կրակով է վառում մեր ամբողջ կյանքը: (Հակոբ 1. 26, 3. 5-6)

Ով ուզում է կյանքը սիրել ու բարի օրեր տեսնել, թող պահի իր լեզուն և չար բաներ չխոսի, թող փակի իր շուրթերը և նենգություն չխոսի: (Ա Պետրոս 3.10)


ՄԵՂՔԻ ԵՎ ՆԱԽԱՆՁԻ ՄԱՍԻՆ
Մեզ Աստծուց հեռացնողը մեր մեղքերն են: Իսկ Աստծուց հեռու լինել նշանակում է դեռևս մահվան ստվերում գտնվել: Մեր Տեր Հիսուս Քրիստոս այդպես էլ ասաց. «Եթե չհավատաք որ Ես եմ, կմեռնեք ձեր մեղքերի մեջ» (Հովհաննես 8. 24): Այո՛, Հիսուսին չհավատացողը  և նրան Տեր ու Փրկիչ չդավանողը, դեռևս գտնվում է խավարի կապանքներում և զուրկ է աստվածային օրհնությունից ու խոցելի սատանայի կողմից: Բայց Հիսուս եկավ, որպեսզի Սատանայի գործերը քանդի և Իրեն հավատացողներին մահվանից դեպի կյանք տեղափոխի: Ըստ Աստծո խոստումի` Քրիստոսին հավատացողը չի կորչի, այլ հավիտենական կյանք կունենա, և այլևս մահն ու գերեզմանն իշխանություն չեն ունենա նրա վրա: Եվ ինչպես Հիսուս հարություն առավ մեռելներից, այդպես էլ իրեն հետևողները պետք է հարություն առնեն Վերջին Դաստաստանի օրը: Այնպես որ պետք է զգուշանանք մեղքերից ու սատանայի խորամանկություններից, հեռու մնանք մեզ Աստծո սիրուց և օրհնությունից պատնեշող ամեն տեսակ անօրենություններից

Մտքումդ պի՛նդ պահիր, որ դու շատ մեղքերում ես մեղավոր:
Չար խոսքերի սովորությունը` չար գործերի ճանապարհն է:
Քո մեղքերի համար անդադար վշտացիր, որպես թե տանդ մեջ հանգուցյալ ունես:
Ո՛վ բազմապատկում է խոսքերը, նա չի կարող զերծ մնալ մեղքերից:
(Անտոն Մեծ)

Սիրելի՜ս, փախչո՛ւմ ես կրակից, որ մարմի՞նդ չայրվի. փախիր մեղքերիցդ, որ մարմինդ հոգուդ հետ մեկտեղ չայրվեն անշեջ կրակում:
Ամեն օր քննիր կատարածդ մեղքերը, աղոթիր դրանց համար և Աստված քեզ դրանք կների:
Առաքինության պսակը սերն է, մոլորության պսակը՝ սեփական մեղքերի արդարացումը:
Խաչ վերցնելը բովանդակվում է ամեն տեսակի մեղքերից հրաժարվելը:
Վա՛յ այն մարդուն, որ չի ուզում փախչել յուրաքանչյուր մեղքից:
Երբ քեզ սկսի տանջել նախանձը, մտածիր որ մենք բոլորս Քրիստոսի մարմնի անդամներ ենք, և ինչպես պատիվը, այդպես էլ անպատվությունը բոլորիս համար ընդհանուր է ու կձերբազատվես դրանից
(Հայր Եսայի)

Մե՛րկ ենք եկել այս աշխարհ, բայց երանի՜, եթե միայն մեղքից մերկացած դուրս գայինք այս աշխարհից
Քրոնիկ հիվանդությունները բժշվկում են մեծ ջանքերի շնորհիվ, հարատևությամբ և ուժ գործադրելով, նույն բանը կարելի է ասել նաև մեղավոր սովորությունների համար:
Մեզանից շատերը լացողների հետ լացում են, բայց ուրախացողների հետ չեն ուրախանում:
Ինչպես պատմում են, էքիդնաները (խիստ թունավոր օձի տեսակ) ծնվում են` կրծելով իրենց ծնողի որովայնը, այդպես էլ նախանձն է անընդհատ հոշոտում այն հոգուն, որը տառապում է դրանով:
Նախանձը` դա տխրությունն է մերձավորի հաջողության համար:
Նախանձը՝ դա թշնամանքի ամենաանհաղթահարելի տեսակն է: Ուրիշ անբարյացակամների հանդեպ արած բարերարությունը մեղմում է թշնամանքը, իսկ նախանձը` ավելի է կատաղում իրենց արած լավությունից: (Բարսեղ Մեծ)  

Երբ շներին կերակրում ես՝ խելոքանում են, երբ առյուծին ես խնամում` դառնում են վարժեցված, իսկ նախանձները` ավելի կատաղի են դառնում, երբ նրանք ծառայություն են մատուցում:
Մարդիկ ինչքան իրենց անմեղ են կարծում, այնքան մեղավոր են լինում
(Գրիգոր Աստվածաբան)

Մարմնական ցանկությունների բավարարման հաճույքները շուտ են անցնում, իսկ դրանցից ստացած վերքերն ու վնասները կրում ենք անդադար:
Հեշտասիրությունը մեզ երբեմն պարտադրում է անել այն, ինչ նույնիսկ մենք չենք էլ համարձակվում մտածել:
Երբե՛ք մի վախեցեք պատժից, այլ վախեցիր այն բանից, որ այդ պատիժն է ծնում:
Կրկնակի է մեղանչում նա, ով պարծենում է մեղսագործելուց հետո:
Մեղքը գալիս է հաճույքով, բայց դառնությունով է գնում:
Ուրիշներին մեղքի մեջ գցելով` մենք կրկնակի դատապարտություն կկրենք:
Աստծուն այնքան չի բարկացնում մեր կատարած մեղքերը, որքան չուղղվելու մեր համառությունը:
(Հովհաննես Ոսկեբերան)

 Նախանձը` դա չարության սկիզբն է, մահվան մայրը, մեղքի դուռը և ամեն չարիքի արմատը:
(Գրիգոր Նյուսացի)

Ո՛վ չի ատել մեղքը, եթե նույնիսկ այն չի կատարում, դասվում է մեղավորների շարքում:
Երկնավոր դատավորի առջև անհայտ ոչինչ չկա, այնպես որ զուր ես աշխատում թաքուն մեղանչել:
Մի՛ աշխատիր ուրիշի արարքները քննել, քանզի քո մեջ էլ կգտնվի ա՛յն, ինչում որ դու մյուսներին ես կասկածում:
(Նեղոս Սինայեցի)

ՍՈՒՐԲ  ՀԱՅՐԵՐԻ ՎԱՐՔԻՑ
Մի ծերի հարցրին. «Ինչպե՞ս են ոմանք ասում, թե մենք հրեշատակներ ենք տեսնում»: Պատասխանեց ծերը. «Երանի՜ նրան, ով իր մեղքերն է տեսնում»:   

Հայր Եսային հարցրեց հայր Պիմենին մեղսալից մտածմունքների մասին: Ծերը նրան պատասխանեց. «Եթե հագուստով լի սնդուկը մի տարի թողնեն առանց հետևելու, ապա այնտեղի եղած շորերը կփտեն ու կփչանան, այդպես էլ մտածմունքների հետ է լինում: Եթե չարի ներշնչած մտքերը չկատարենք իրապես, ապա դրանք ժամանակի ընթացքում կթուլանան ու կոչնչանան»:

Մի ծեր եղբայրների հետ գնում էր անապատով: Հանկարծ մի վիշապ տեսնելով` փախան, և երբ կանգնեցին, մի եղբայր հարցրեց ծերին. «Հա՛յր, դու էլ վախեցար դրանից»: Պատասխանեց նրան ծերը. «Չվախեցա՛ որդյակս, բայց եթե չփախչեի, չէի կարող հոգուցս հանել հպարտության մեղքը»:

Պատմում են հայ Արսենի և Թեոդորոս Փերմացու մասին, որ առավել քան բոլոր մեղքերը, ատում էին մարդկանցից գովվելը:

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՒՐԲ ԳՐՔԻՑ
Իմ մանկության ու տհասության մեղքերը մի՛ հիշիր, այլ հիշի՛ր ինձ, Տեր քո  ողորմությամբ՝ ըստ քո բարության:
Երանի՜ նրան, ում մեղքերին թողություն տրվեց և ում բոլոր հանցանքները ծածկվեցին: Երանի՜ այն մարդուն, որին Տերը այլևս մեղավոր չի համարում:
Մամնիս համար բուժում չկա Քո բարկության դեմ, ոսկորներս հանգստություն չունեն իմ մեղքերի պատճառով: Անօրենություններս գլխիցս վեր բարձրանան, սաստիկ բեռան պես ծանրացավ վրաս:
Անօրեննություններ գործողներին մի նախանձիր քանզի նրանք խոտի պես շուտով պիտի կտրվեն ու կանաչ խոտի պես պիտի չորանան: (Սաղմոս 24. 7, 51. 1, 38. 3, 37. 1)

Հանդարտ սիրտը մարմնին կյանք է, բայց նախանձը ոսկորներին փտություն է: (Առակներ  24. 30)

Նա տեսավ Հիսուսին, որ գալիս էր դեպի իրեն ու ասաց. «Ահա՛ Աստծո գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը»: (Հովհանես 1. 29)  

Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարեցե՛ք և ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի՝ Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար և պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգևը»: (Գործք 2. 38)

Մեղքի վարձը մահն է, բայց Աստծո ձրի շնորհը հավիտենական կյանք: (Հռոմեացիս 6. 23)

Ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով մա՛հ է ծնում: (Հակոբոս 1. 15)

Ամեն ինչից առաջ ամուր սեր ունեցեք միմյանց հանդեպ, քանի որ  սերը ծածկում է  մեղքերի բազմությունը: (Ա Պետրոս 4. 8)

Եթե ասենք՝ «մենք մեղք չունենք», մենք մե՛զ ենք խաբում, և ճշմարտություն չկա մեր մեջ: Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է Աստված և արդար՝ մեզ մեր մեղքերը ներելու և մեզ ամեն անիրավությունից սրբելու: (Ա Հովհաննես 1. 8-9) 


ՀԵԶՈՒԹՅԱՆ, ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասաց. «Սովորեցեք ինձանից, որ հեզ եմ ու սրտով խոնարհ» (Մատթ. ԺԱ. 25), և դարձյալ՝ «Աշակերտին հերիք է, եթե նա լինի իր վարդապետի նման» (Մատթ. Ժ. 25):
Մեր սուրբ հայրերը բոլոր դարերի մեջ, բազում ճգնություններով ու հոգևոր սխրանքներով ձգտել են  նմանվել իրենց Վարդապետին` համարելով խոնարհությունն ու սրտի հեզությունը բոլոր առաքինությունների թագն ու պսակը, քանզի առանց խոնարհության ոչ ոք չի կարող Աստծուն տեսնել: Հրեշտակներից ամենկատարյալը՝ Արուսյակը, հպարտության պատճառով դարձավ ամենահետինը և կոչվեց «չար» կամ «սատանա» ու նրան դժոխքի կրակներն են սպասում: Այդ պատճառով էլ հպարտացած մարդը նմանվում է սատանայի և նրա հետ էլ նույն պատիժն է կրելու, իսկ երբ խոնարհեցնում է իրեն, նմանվում է Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, և  նրա հետ էլ Աստծո արքայությունն է ժառանգելու: Սուրբ հայրերը տալիս են  նաև խրատներ համբերության մասին, որովհետև ճշմարիտ խոնարհությունը միշտ ուղեկցվում է համբերությամբ ու երկայնամտությամբ:

Ամեն բանում խոնարհ եղիր՝ կեցվածքում, հագնվածքում, նստելիս, կանգնելիս, անկողնում և տանդ:
Հպարտությունն ու մեծամտությունը սատանային վտարեցին երկնքից, իսկ խոնարհությունն ու հեզությունը մարդուն երկրից երկինք են բարձրացնում:
Սովորեցրու, որ լեզուդ արտաբերի. «Ների՛ր ինձ», և խոնարհությունը կգա:
Սիրիր խոնարհությունը և այն կծածկի քո բոլոր մեղքերը:
Եթե մեկը քեզ հանդիմանի մեղքի համար, որին դու անհաղորդ ես, խոնարհեցրու քեզ հանդիմանողի առջև ու անապական պսակը կժառանգես:
(Անտոն Մեծ)

Աստված իրեն խոնարհեցրեց քեզ համար, իսկ դու չես ուզում քեզ համար խոնահրվել ու պարծենում ես հպարտանալով:
Միայն մի հատիկ խոնարհությամբ ասված խոսքը կարող է բարկություն մեղմել, իսկ կոպիտը՝ կատաղության հասցնել:
(Մակար   Մեծ)

Խոնարհությունն այն է, որ մարդը իրեն Աստծո առջև մեղավոր ճանաչի՝ նույնիսկ Տիրոջը հաճելի ոչ մի գործ չգործած:
Ինքնանարգանքը այն տեղն է, որտեղ ձեռք է բերվում խոնարհությունը:
Հեզությունն ի հայտ է գալիս համբերությամբ:
Փնտրեք ամենակարևորը, այսինքն՝ խոնահվեք եղբայրների առջև:
(Հայր Եսայի)

Ինչպես առանց աղի է ամեն կերակուր անհամ, այդպես էլ` առանց խոնարհության յուրաքանչյուր առաքինություն:
Սիրի՛ր խոնարհությունը, ինչը և Աստված է սիրում:
(Իսահակ Ասորի)

Հավատացյալի զարդը խոնարհությունն է: Ինչպես երբեք լեռները շուռ չեն գալիս, նույնպես խոնարհը երբեք չի բարկանում և չի բարկացնում ոչ մեկի:
(Հայր Քսենոֆոթոս)

Ավելի լավ է խոնարհաբար սեփական մեղքերը խոստովանել, քան հպարտությամբ պարծենալ սեփական առաքինություններով:
Առաքինություններն Աստծո սրտի դռներն են բախում, բայց խոնարհությունն է, որ բացում է այն:
(Սուրբ Օգոստինոս)

Խոնարհությունը մեր մեջ կյանք չի դառնա, եթե նախ դուրս չնետենք մեր հոգիները սպանող բեռը՝ ամբարտավանությունը:
(Հայր Գելասիոս)

Պտղաբերության սկիզբը ծաղիկն է, իսկ առաքինության սկիզբը՝ համբերությունը:
(Գրիգոր Աստվածաբան)

Առանց խոնարհության բարեգործությունները փոշու են նման, որ թեթև սյուքը հոդս է ցնդեցնում:
Հնազանդությունից վեհագույն առաքինություն չկա:
(Ներսես Լամբրոնացի)

ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ՎԱՐՔԻՑ
-Ինչպե՞ս կարող է հոգին խոնարհություն ձեռք բերել, - հարցրին մի ծերի:
-Եթե նա իր մեղքերին նայի,- պատասխանեց ծերը,- որովհետև մարդու կատարելությունը խոնարհությունն է:

Պատմում են մի ծերի մասին, որը յոթանասուն շաբաթ պահքով անցկացրեց՝ շաբաթը մեկ անգամ կերակուր օգտագործելով, և խնդրում էր Աստծուն, որ իրեն Սուրբ Գրքի որոշ խոսքերի իմաստը բաց անի: Բայց Աստված չէր բացում նրան:  Տեսնելով այդ՝ ասաց ծերը ինքն իրեն. «Ահա ես քիչ աշխատանք չտարա  ու ոչինչի չհասա, գնամ եղբորս մոտ և հարցնեմ նրան»: Երբ նա դուրս եկավ իր խցից և դուռը հետևից փակեց, Տերը նրա մոտ ուղարկեց իր հրեշտակին, որն ասաց. «Քո յոթանասուն շաբաթվա պահքը քեզ չմոտեցրին Աստծուն, իսկ հիմա, երբ դու խոնարհվեցիր և կամեցար գնալ եղբորդ մոտ, ես ուղարկվեցի քեզ մոտ գրվածքները մեկնաբանելու»: Այդ կատարելով՝ հրեշտակը հեռացավ նրա մոտից:   

Հրեշտակի կերպարանքով սատանան եկավ ճգնավորի մոտ և ասաց. «Ես եմ Գաբրիելը՝  Տիրոջ կողմից ուղարկված քեզ մոտ»: Իսկ ճգնավորը ասաց. «Մի՞թե շփոթվել ես, որովհետև ես մեղավոր մարդ եմ»: Եվ ճգնավորի այդ խոնարհ խոսքից չարը չքացավ:

Հայր Պամվան պտղատու ծառի մի չորացած ճյուղ տնկեց և ասաց իր Հովհաննես անունով աշակերտին.
-Ամեն օր կջրես այդ:
Իսկ ջուրը այնքան հեռու էր, որ մի օր պետք էր այնտեղ գնալու համար: Աշակերտն առանց գայթակղության երկու տարի ջուր էր բերում տնկիի համար: Ապա տնկին դալարեց և պտուղ տվեց: Զարմացած Հայր Պամվան` Աստծուն փառավորեց և վերցնելով պտուղներից՝ տարավ ու բաժանեց շատերին և ասաց.
-Առեք, կերեք հնազանդության պտուղը և տեսեք որքան քաղցր է:

Մի ճգնավոր վախճանվում էր ու երբ ավանդում էր հոգին, եկավ սատանան և ասաց.
-Կարողացա՞ր փախչել ինձանից:
-Դեռևս չգիտեմ, - պատասխանեց ճգնավորը:
Արի ու տես հայրերի զգուշությունը, թե որքան զգաստ ու խոնարհ են մինչև ի մահ:

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ
Մի արեք որևէ բան հակառակության ոգով, ոչ էլ որևէ բան սնապարծությամբ: Խոնարհությամբ մեկդ մյուսին ավելի լավ համարեցեք, քան ինքներդ ձեզ:
(Փիլիպեցիներին 2. 3)

Վերին իմաստությունը նախ սուրբ է և ապա՝  խաղարար, հեզ, բարյացակամ, լի ողորմածությամբ և բարի գործերով:
(Հակոբ 3. 17)

Ինչպիսի մեծության էլ հասնես, դու քեզ խոնարհ պահիր, և դու շնորհ կգտնես Տիրոջ առջև:
(Առակներ 16. 3)

Խոնարհ հոգին պատարագն է Աստծո, մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում:
(Սաղմոս 50. 19)

Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:
(Մատթեոս 5. 5)  

Ով մինջև վերջ համբերի, նա պիտի փրկվի:
(Մատթեոս 24. 13)

Սերը համբերող է, քաղցրաբարո, սերը չի նախանձում:
(Ա Կորնթացիս 13. 4)

Հուսով ուրախացեք, նեղությանը համբերեցեք, հաճախակի աղոթեցեք:
(Հռոմեացիս 12. 12)

Եղբայրներ իմ, համբերող եղեք մինջև Տիրոջ գալուստը....Համբերեցեք և ամրացրեք ձեր սրտերը, քանի որ Տիրոջ գալուստը մոտեցել է:
(Հակոբոս 5. 7-8)

Ճիշտ է այս խոսքը, թե՝ «Եթե Քրիստոսի հետ մեռանք, նրա հետ էլ պիտի ապրենք, եթե համբերենք, նրա հետ էլ պիտի թագավորենք»:
(Բ Տիմոթեոս 2. 11-12)

Թե խրատի համբերող եք, Աստված էլ ձեզ կմոտենա ինչպես որդիների:
(Եբրայեցիս 12. 7) 




Комментариев нет:

Отправить комментарий