понедельник, 20 августа 2012 г.

Խաչի տոներ


Տոն երևման Սուրբ Խաչի

Ի երկնից յերեւեալ նշանն յաղթութեան այսօր,
հեթանոսաց ծագեաց լոյսն ողորմութեան
(շարական) 

Ամեն տարի` Ս. Զատկին հաջորդող հինգերորդ կիրակի օրը, մեր երանաշնորհ հայրապետների տնօրինության համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակում է Սուրբ Խաչի երևման տոնը` մեկ անգամ ևս հիշելով Տիրոջ չարչարանքները, նրա խաչելությունը, և խաչի վրա նրա թափած անմեղ արյան շնորհիվ մարդկային ցեղի փրկությունը:Այս տոնը պատմական մի դեպքի հիշատակությունն է:
351թ-ի մայիսի 7-ին, Կյուրեղ Երուսաղեմացի հայրապետի օրոք, օրվա երրորդ ժամին (ժամը 9-ին) երկնքում երևում է Փրկչի խաչի նշանը` տարածվելով Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը: Այս դեպքին ականատես են լինում ոչ միայն Երուսաղեմում բնակվող քրիստոնյաները, այլև տարբեր դավանանքներին ու կրոններին պատկանող մարդիկ: Խաչի պայծառ երևումից անգամ արեգակն է մթագնում: Բոլորը շտապում են եկեղեցի, ի խորոց սրտի աղոթում առ Աստված` գոհություն հայտնելով Բարձրյալին` այս մեծ շնորհին արժանացնելու համար: Երկնային հրաշքի շնորհիվ շատեր հավատում են Հիսուսին, մկրտվում սուրբ Կյուրեղի ձեռքով` անդամագրվելով Քրիստոսի Եկեղեցուն: Այս դեպքի առթիվ Կյուրեղ հայրապետը մի նամակ է գրում Բյուզանդիայի Կոստանդին կայսրին, որը Մեծն Կոստանդիանոսի որդին էր: Նամակում սուրբը պատմում է Երուսաղեմում խաչի երևման մասին` հորդորելով , որ վերջինս անհողդողդ մնա մնա իր քրիստոնեական ճշմարիտ հավատի մեջ, ինչպես նաև հավատարիմ` նիկիական դավանությանը: Այս թուղթը Ե դարում թարգմանվել է հայերեն և ընթերցվում է տոնի օրն առավոտյան ժամերգության ավարտին կատարվող անդաստանից առաջ: Այս տոնը հատուկ է միայն հայերիս և հույներին, միայն այն տարբերությամբ, որ վերջիններս այն կատարում են մայիսի 7-ին:
Մեր բազմադարյան պատմության մեջ էլ քիչ չեն Խաչի երևումները: Երանելի Կորյունը, ինչպես նաև քերթողահայր Մովսես Խորենացին, Հայ Եկեղեցու եռամեծ վարդապետ Մեսրոպ Մաշտոցի մահվան և թաղման կապակցությամբ արձանագրում են, որ Վաղարշապատ քաղաքում օրեր շարունակ խաչի լուսապայծառ նշանը փայլել է այն տան վրա, ուր սուրբն ավանդել է իր հոգին: Այդ նույն նշանն էլ առաջնորդ է եղել բազմությանն ամբողջ հուղարկավորության ընթացքում: Եվ այսքան տարիներ հետո, այնուամենայնիվ, շատերի մոտ հարց կարող է ծագել` ի՞նչ է խաչը քրիստոնյաներիս համար , և ո՞րն է նրա նշանակությունը:
Խաչը Հռոմեական կայսրության ժամանակ մահապարտներին անարգելու և նախատելու համար էր: Խաչելությունը ոչ միայն անպատվաբեր վախճան էր համարվում, այլև հին աշխաևհի հայտնագործած ամենաանմարդկային և  դաժան պատիժներից մեկն էր: Դատապարտյալին մերկ գամում էին խաչին` ենթարկելով զանազան մարմնական խոշտանգումների: Եվ խաչյալը տանջվում էր, արևի կիզիչ ճառագայթներն այրում էին նրա գլուխը, անբնական վիճակից մարմինն ուռչում էր, վերքերը բորբոքվում էին` պատճառելով անտանելի ցավեր:Մահապարտը երկար տանջվելուց հետո ավանդում էր հոգին: Այդ ժամանակ տախտակներից շինված այդ գործիքը մահվան խորհրդանիշն էր: Հին Ուխտում էլ կարդում ենք. «Անիծված է նա, ով կախված է փայտից» (Բ. Օր.  ԻԱ 23), բայց մեր Տերն ու Փրկիչ Հիսուս Քրիստոս խաչի վրա հեղած իր թանկագին արյամբ կենաց և օօրհնության միջոց դարձրեց այն «մեզ վերստին գնելով օրենքի անեծքից`անեծք դառնալով մեզ համար» (Գաղ.Գ 13): Աստվածորդին միացավ խաչափայտին`սրբագործելով այն և մեզ տալով (զենն յաղթութեան) ընդդեմ սատանայի ու նրա խաբկանքների: Եթե մինչև Քրիստոս խաչն անարգանքի ու նախատինքի նշանն էր, ապա  Տիրոջ Խաչելությամբ նրա մեջ դրվեց կյանքի խորհուրդը, և մարդ արարած հնարավորություն ստացավ նոր արարած լինելու. «եթե մեկը Քրիստոսի մեջ է, ապա նոր արարած է» (Բ Կորնթ. Ե 17) : Քրիստոս Խաչի վրա ներեց մեզ, մեր մեղքերի պարտամուրհակը վերացրեց մեջտեղից` մեխելով այն խաչափայտին:
Մարդկության փրկության համար մարմնացած Աստված խաչվեց, թաղվեց, բայց երրորդ օրը հրաշափառապես հարություն առավ մեռելներից` քանդելով մահվան կապանքները: Այո՛, հարություն առավ Տերը, որովհետև Լույսը չէր կարող գերեզմանի մթության մեջ մնալ:Եվ այս այս իրողությունը նկատի ունենալով է որ Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացին ասում է. «Դավանում եմ Խաչը, քանզի գիտեմ Հարությունը»: Հետևաբար խաչը մեզ համար հույսի,սիրո,  հաղթանակի և փրկության նշանն է, որի վրա Աստվածորդին պարտության մատնեց սատանային` մեր առաջ բացելով դրախտի դուռը, որը մինչ այդ փակված էր մեր նախածնողներ Ադամի ու Եվայի անհնազանդության պատճառով: Հիսուս խաչի վրա ցույց տվեց իր անհուն սերն ու անբավ ողորմածությունն ադամորդիներիս նկատմամբ: Միով բանիվ` Տերն իր փրկագործության խորհրդով խաչը վերածեց հաղթության նշանի: Եվ այս գիտակցությամբ ու խոր համոզմամբ է որ քրիստոնեության մունետիկ Պողոսն ի լուր ամենքի ազդարարում է. «Քա՛վ լիցի , որ ես պարծենամ այլ բանով, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղ. Զ 14): Այո՛, նշանը Ճշմարիտ քրիստոնյաներիս համար պարծանքների պարծանքն է ու Աստծո անսահման սիրո արտահայտությունն է անկյալ մարդու նկատմամբ: Ճիշտ է, անհավատ ու Տիրոջը չճաշակած մարդկանց համար խաչի վրա Քրիստոսի այս զոհողությունն անիմաստ և անհասկանալի է թվում, բայց մեզ համար , որ մեր սրտերի մեջ ընդունել ենք Ճշմարիտ Աստծուն` Հիսուս Քրիստոսին, խաչը դարձել է փրկության գրավականը: Անգիտության խավարում խարխափող այս մարդկանց մասին է առաքյալի խոսքը. «Շատեր, որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ և այժմ էլ լալով եմ ասում, ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի խաչի. նրանց վախճանը կորուստն է, նրանց ասվածն իրենց որովայնն է, և փառքը` իրենց ամոթը: Նրանք միայն երկրավոր բաներ են խորհում» (Փիլիպ. գ 18-19):
Ապավինելով Խաչի զորությանը` մենք խափանում ենք չարը: Մենք մեզ տյառնագրում ենք և զորացնում, նրանով զարդարում մեր հոյակերտ եկեղեցիները, նրանով կնքում մեր զավակներին, նրանով պսակվում, նրանով էլ գերեզման իջնում` հավիտենական կյանքի հույսով: Ինչպես Տիրոջ երկրային կյանքը խաչի մի ճանապարհ եղավ, այնպես էլ Քրիստոնյաներիս համար այս ժամանակավոր կյանքը խաչի ճանապարհ է:
Մի ճանապարհ, որ անձուկ ու դժվար է, քարքարոտ ու փշոտ, բայց որի վերջնական հանգրվանը Տիրոջ խոստացած երկնային արքայությունն է: Սուրբ խաչի երևման տոնի պարտավորեցնող պատգամն է, որ խաչակնքումը մեզ համար ոչ թե ձևական ու մեխանիկական մի շարժում լինի, այլ ամեն անգամ տյառնագրելիս մի պահ անդրադառնանք այն մեծ ինքնազոհությանը, որ Աստված իրականացրեց խաչի վրա մեր փրկության համար: Մեր աղոթքը վերառաքենք առ ամենաբարին Աստված` կրկնելով սուրբ հայրերի շուրթերին բյուրեղացած սրտառուչ մաղթանքը.

Խաչ քո եղիցի ապաւեն, Տեր Յիսուս,
յորժամ երեւիս փառօք Հոր ընդ ամպս լուսաւորս:
Յայնժամ մեք մի՛ ամաչեսցուք
յուսացեալքս ի քեզ, այլ զօրութեամբ քով
մեծաւ բերկրեսցուք ընդ աջմէ քումմէ
որպես զորդիս լուսոյ և որդիս տունջեան:


Վարագա Սուրբ Խաչ

«Քրիստոսը հաճեց բնակվել սուրբ Նշանի մեջ`
Հայոց աշխարհի պահպանության
և փրկության համար»:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցը խաչի փառավորմանը նվիրված չորս տոն ունի՝ Խաչի երևում, Խաչվերաց, Վարագա Խաչ և Խաչի գյուտ: Այս չորս տոներից երեքը նշում են նաև քրիստոնեական մյուս եկեղեցիները, իսկ Վարագա Սուրբ Խաչի տոնը հատուկ է միայն մեր Եկեղեցուն: Այն հաստատվել է 653 թ., երբ Թոդիկ և Հովել ճգնավորները, Աստծո ողորմությամբ Վարագա լեռան վրա գտան Քրիստոսի Խաչափայտի մասունքը:

Պատմությունը
Եկեղեցական ավանդության համաձայն՝ սուրբ Հռիփսիմյանց կույսերը, Դիոկղետիանոս (243-313թթ.) կայսեր հալածանքներից խուսափելով, Հռոմից փախչում են Հայաստան: Վասպուրական աշխարհում՝ Վանի հարավ­արևելյան կողմում, Վարագա լեռան լանջերին, նրանք գտնում են իրենց առաջին ապաստանը:
Կույսերից սուրբ Հռիփսիմեն իր պարանոցին կրում էր Քրիստոսի Խաչափայտից մի մասունք: Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկե թագուհին, այն ստացել էր Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբորից, երբ Պետրոս առաքյալի քարոզությամբ ուխտի էր գնացել Հռոմ: Եվ քանի որ Հռիփսիմեն սերում էր Կլավդիոս կայսեր տոհմից, Խաչափայտի մասունքը ժառանգաբար փոխանցվել էր նրան:
Հռիփսիմյանց կույսերը քրիստոնեական հավատքը քարոզելու հա­մար Հայաստանում ենթարկվում են հալածանքների, ինչի պատճառով սուրբ Հռիփսիմեն Խաչափայտի մասունքը պահում է Վարագա լեռան քարայրներից մեկում: Աստծո նախախնամությամբ Հայոց աշխարհում ավանդաբար գիտեին սուրբ Նշանի՝ Վարագա լեռան վրա պահվելու մասին, սակայն գտնվելու ստույգ վայրը հայտնի չէր:
653 թ. Վարագա լեռն իրենց ճգնության վայր են ընտրում Թոդիկ ճգնավորն ու իր աշակերտ Հովելը: Սուրբ Նշանը գտնելու փափագով նրանք խիստ ճգնությամբ՝ տասներկու օր ծոմ պահելով, արտասվելով և ջերմեռանդ աղոթքներով, Տիրոջից խնդրում են, որ իրենց արժանացնի տեսնելու և համբուրելու փափագելի սուրբ ՆշանըՄարդասեր Աստված, Ով միշտ կատարում է Իրենից երկյուղածների կամքը, տեսիլքով նրանց հայտնում է մասունքի տեղը: Այն ճգնավորներին երևում է խաչանիշ պայծառ լույսի տեսքով, լուսեղեն տասներկու սյուների մեջտեղում, որոնցից բաժանվելով՝ բարձրանում է եկեղեցու սուրբ Սեղանին, որի առաջ աղոթում էին ճգնավորները: Միաժամանակ խաչանիշ լույսից ձայն է լսվում. «Քրիստոսը հաճեց բնակվել սուրբ Նշանի մեջ՝ հայոց աշխարհի պահպանության և փրկության համար»:
Վարագա լեռան գագաթին և ստորոտում հիմնվել են Վարագավանքի Վերին և Ներքին եկեղեցիները, որոնցից առավել հայտնին Ներքին Վարագավանքն է, ուր և պահվել է Խաչափայտի մասունքը: Այն մինչև 1021 թ. մնացել է Վարագում, իսկ երբ Սենեքերիմ Արծրունին Վասպուրականի թագավորությունը թողնում է Բյուզանդիային և տեղափոխվում Սեբաստիա, տանում է նաև սուրբ Նշանը: Սակայն կարճ ժամանակ անց՝ 1026 թ. սրբազան մասունքը վերադարձվում է իր նախնական վայրը: XI դարում Աշոտ Դ Բագրատունին սուրբ Նշանի համար 30.000 դահեկան արժողությամբ ոսկե մասնատուփ է պատվիրում: 1237 թ. այն տեղափոխվում է Նոր Վարագավանք (տես Նոր Վարագավանք): 1651 թ. տարվում է Խոշաբ, իսկ 1655 թ. դրվում Վանի Սուրբ Տիրամայր եկեղեցում, ինչի պատճառով վերջինս վերանվանվում է Սուրբ Նշան: Մաղաքիա արքեպիկոպոս Օրմանյանը (1841-1918թթ.) «ՙԾիսական բառարանում» վկայում է, որ իր ժամանակ Վարագա սուրբ Խաչը դեռևս պահվում էր Վանի Սուրբ Նշան եկեղեցում: Ցավոք, Մեծ Եղեռնից հետո սուրբ մասունքի գտնվելու վայրը հայտնի չէ:
Մասունքի հրաշագործությունների մասին բազմաթիվ հիշատակություններ են պահպանվել: Մասնավորապես, Եդեսիայում համաճարակի ժամանակ Վարագա Սուրբ Խաչի զորությամբ անբուժելի հիվանդությունը կասեցվել է: Ագաթանգեղոսի վկայությամբ հայոց երկնակամարում լուսեղեն սուրբ խաչը տեսիլքով մինչ այդ հայտնվել էր սբ. Գրիգոր Լուսավորչին, Միածնի էջքի հայտնի տեսիլքի ժամանակ, նաև, ինչպես Մովսես Խորենացին է վկայում, սուրբ Մեսրոպ Մաշտոցի հուղարկավորության ժամանակ՝ երևալով Վաղարշապատից մինչև Օշական:
Վարագա Սուրբ Խաչը տոնվում է Խաչվերացից 15 օր հետո, այսինքն՝ սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:

Նոր Վարագավանք
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Վարագավան գյուղից մոտ 2 կմ. արևմուտք գտնվում է Նոր Վարագավանքը: Այն հիմնադրել է Նոր Բերդի Դավիթ իշխանը՝ 1193-98 թթ. կառուցելով վանքի հնագույն՝ Անապատ եկեղեցին: XIII դ. Անապատ կոչվող մենաստանը վերանվանվում է Նոր Վարագավանք, երբ Վասպուրականի Վարագավանքի վանահայր Ղուկասը, Ջալալեդդինի հրոսակներից հալածված, վերցնելով վանքի հռչակավոր սուրբ Նշանը, 1237 թվականին տեղափոխվում է Նոր Բերդի Կյուրիկյան իշխանության այս մենաստանը: Թե մինչև ե՞րբ է սուրբ Նշանը մնացել այստեղ, հայտնի չէ:

Վարագա սուրբ Խաչի խորհուրդը
Խաչը քրիստոնեական հավատքի գերագույն խորհրդանշանն է:
Հայաստանյայց Եկեղեցում Խաչը ոչ միայն երկրպագության առարկա է, այլ ամեն ինչ օրհնվում և սրբագործվում է միայն խաչով: Մեր Եկեղեցու հիմնադրման առաջին օրերից խաչն ունի իր տիրական տեղը: Երբ սուրբ Գրիգոր Լուսավորիչը հեթանոսական մեհյանները կործանեց, նրա առաջին գործը դրանց վրա խաչ բարձրացնելը եղավ, նմանապես խաչեր կանգնեցրեց սուրբ Հռիփսիմեի, սուրբ Գայանեի և նրանց ընկերակից կույսերի նահատակության վայրերում:
Քիչ ժողովուրդներ կգտնվեն, որոնք անցած լինեն խաչի` զոհաբերության և տառապանքի ճանապարհը և քրիստոնյա մնալու համար այնքան արյուն թափած լինեն, որքան հայերս, ուստի մեր ուրույն խաչն ունենալու Աստծո այս շնորհը մեծ խորհուրդ ունի:
Վարագա սուրբ Խաչի տոնը հաստատվեց պատմական այնպիսի ժամանակահատվածում, երբ հայ ժողովրդի ազգային և կրոնական կյանքը նորից վտանգված էր: Եվ այս տոնն այդ ահեղ վտանգի դեմ հոգեպես սպառազինվելու խորհուրդն ունի: Արդարև, յոթերորդ դարի կեսին, երբ Վարագա Խաչը տեսիլքով հայտնվեց, արաբները նոր էին թափանցել Հայաստան, և այն արաբական տիրապետության դեմ հայոց հաղթանակի նախախնամական ազդարարությունն ու սրտապնդումն էր
Այսօր էլ Քրիստոսի Խաչին ապավինելով ենք հաղթում, քանզի «Քրիստոսը հաճեց բնակվել սուրբ Նշանի մեջ՝ Հայոց աշխարհի պահպանության և փրկության համար»


Խաչի գյուտ

Որ փափագելի տենչմամբ եկեալ ի քաղաքն Երուսաղէմ աստուածասէր դշխոյնխնդրէր զփայտ խաչին...
...զոր հրէիցն ծածկեալ զանթաքչելի զգանձն, փափագմամբ թագուհւոյն փայտ կենաց յայտնեցաւ... (Շարական)

Խաչի գյուտը տոնակարգի մեջ խաչի տոների շարքում վերջինն է և տոնվում է հոկտեմբերի 26-ին մերձակա կիրակի օրը:

Պատմությունը
Քրիստոսի խաչափայտը, ողողված Նրա արյամբ, բազում հրաշքներ էր գործում, որոնց ազդեցությամբ շատ մարդիկ դառնում էին քրիստոնյա: Հրեաները, ովքեր բոլոր միջոցներով պայքարում էին Քրիստոսի Եկեղեցու դեմ, խաչը ցանկանում էին թաքցնել մարդկանցից: Նրանք մյուս երկու խաչերի հետ այն դրել էին Հիսուսի գերեզմանը և ծածկել հողով: Մինչև անգամ Աֆրոդիտեի արձանն էին կանգնեցրել քարայրի վրա, որպեսզի եթե Հիսուսի խաչը հրաշքներ գործի, այն վերագրեն կուռքին: Պատրոնիկե թագուհու հրամանով գերեզմանից հանում են երեք խաչերը և մահացած աղջկա կենդանացմամբ որոշում, թե որն է Քրիստոսինը։ Սուրբ Հակոբոս Տյառնեղբայրը խաչը դնում է Երուսաղեմի տաճարում և ամեն տարի Խաչվերացի տոնին (սեպտեմբերի 14) այն բարձրացնում ի տես բոլորի և ի մխիթարություն քրիստոնյաների: Սակայն երբ Կլավդիոս կայսրն ու Պատրոնիկե թագուհին մեռնում են, հրեաները սպանում են Հակոբոսին, և փրկչական խաչը մյուս խաչերի հետ Գողգոթայի մոտ մի տեղ են տանում, որտեղ դրանց վրա աղբ կուտակելով՝ վայրը վերածում են աղբանոցի:
313 թ. Միլանի հրովարտակով Հռոմեական կայսրության տարածքում քրիստոնյաներին արտոնություն է տրվում իրենց կրոնն ազատ դավանելու: Երուսաղեմը դառնում է ուխտավայր, և ամեն կողմից գալիս են սրբազան վայրերը տեսնելու: Կոստանդիանոս կայսեր մայրը՝ Հեղինեն, Աստծուց տեսիլքով հրաման է ստանում գնալ Երուսաղեմ, փնտրել փրկչական խաչափայտը և տնօրինական վայրերում տաճարներ կառուցել:
327 թ. Հեղինեն գալիս է Երուսաղեմ: Այդ օրերին Երուսաղեմում միայն Հուդա անունով մի մարդ իր նախնիների գրավոր ավանդություններից գիտեր խաչի տեղը, սակայն չէր ցանկանում հայտնել թագուհուն, մինչև թագուհին ճարահատյալ բանտարկում է նրան: Հուդան մի ցամաքած ջրհորի հատակում վեց օր առանց հացի մնալուց հետո, սովից դրդված, խոստովանում է:
Աստծո շնորհով թագուհին գտնում է երեք խաչափայտերը և անգամ Պիղատոսի ձեռքով գրված եռալեզու տախտակը, որը պոկվել էր խաչից: Երուսաղեմի Մակարիոս պատրիարքն Աստծուց նշան է խնդրում՝ իմանալու, թե որն է Փրկչի խաչափայտը: Նշանը չի ուշանում: Երբ խաչերից մեկը մոտեցնում են մի հիվանդ կնոջ, նա առողջանում է: Այնուհետև մի մահացած պատանի է կենդանանում նույն խաչի օգնությամբ: Այսպիսով իմանում են, թե որն է Տերունական խաչը: Այս ամենը տեսնելով՝ շատ հրեաներ են դարձի գալիս, ինչպես նաև տեղը ցույց տվող Հուդան, ով հետագայում Տիրոջ անվան համար նահատակվում է՝ արժանանալով մարտիրոսական պսակի: Հեղինե թագուհին Գողգոթայի վրա կառուցում է Սուրբ Հարություն տաճարը և խաչն այնտեղ բարձրացնում` ի ցույց ժողովրդի:
Ահա այսպես, աստվածային նախախնամությամբ ու հրաշքով, Գողգոթայի աղբանոցից գտնվում է Հիսուս Քրիստոսի խաչափայտը: Ահա այս դեպքը հիշատակելու համար է, որ Քրիստոնեական Եկեղեցին տոնախմբում է Խաչի գյուտը:

Խորհուրդը
Հին Հռոմում խաչը ծառայել է իբրև մահվան գործիք` առավել վտանգավոր, ոչ հռոմեացի հանցագործներին պատժելու համար: Հիսուս Քրիստոսը մարդկանց կողմից անարգվեց, խաչվեց և խաչի վրա մահացավ: Սակայն երբ երրորդ օրը հարություն առավ, խաչը դադարեց մահվան խորհրդանիշ լինելուց և դարձավ կյանքի, հարության, հաղթանակի խորհրդանիշ:
«Իսկ այժմ, Հիսուս Քրիստոսի միջոցով, դուք, որ մի ժամանակ հեռացած էիք, մերձավորներ եղաք Քրիստոսի արյամբ, որովհետև Նա է մեր խաղաղությունը, Նա, որ երկուսը մեկ դարձրեց, քանդեց Իր մարմնի մեջ միջնորմը` թշնամությունը, և հրամաններով տրված պատվիրանների օրենքը ջնջեց, որպեսզի Իրենով երկուսին դարձնի մի նոր մարդ և խաղաղություն հաստատի ու Իր Խաչով հաշտեցնի երկուսին մեկ մարմնի մեջ Աստծու հետ. քանզի թշնամությունը սպանեց Իր Խաչով» (Եփես. 2 13-16): 
Քրիստոսն Իր արյունը հեղեց խաչի վրա, և խաչը դարձավ այն զոհասեղանը, որի վրա թափված արյունով սրբվեց մարդկության մեղքը: Խաչն այն կենաց ծառն է, որից կյանք հորդեց դեպի մեղավոր մարդը: Այն երկնքի արքայության բանալին տվեց մեզ: Ինչպես Գրիգոր Տաթևացին է ասում` Խաչը գերեզմանների կնիքն է և կյանքի հարությունը:
Եկեք Խաչի զորությունը մեզ ապավեն դարձնենք, նրանով հաղթենք թշնամուն և ժառանգորդ դառնանք Երկնքի Արքայության, որ մեր Երկնավոր Հայրը պատրաստել իր ժողովրդի` Եկեղեցու համար: Եվ ինչպես շարականագիրն է նկարագրում  Գյուտ Խաչի տոնին նվիրված կանոնում  Փրկչական խաչի զորությունն ու նրանով աշխարհին շնորհած փրկությունը, մենք էլ, միանալով այդ փառաբանությանը, ձգտենք մեր հոգին, շունչը և մարմինը անարատ պահել մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը:

Հրաշակերտ և զօրեղ փայտ Խաչի Քո Քրիստոս,
Գաւազան զօրութեան ի յերկրի երևեալ,
Եկայք ժողովուրդք երկրպագեսցուք:
Սա է զէն յաղթութեան հաւատացելոց,
Ախոյեան և կնիք յաղթող ընդ դէմ թշնամւոյն...

Комментариев нет:

Отправить комментарий