пятница, 3 августа 2012 г.

Պահքի խորհուրդը


Պահքի կարևորությունը քրիստոնյայի կյանքում
Այն ժամանակ Հովհաննեսի աշակերտները մոտեցան Նրան և ասացին. «Ինչու՞ մենք և փարիսեցիները հաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»: Հիսուս նրանց ասաց. «Մի՞թե կարելի բան է, որ հարսանքավորները  սուգ պահեն, քանի փեսան նրանց հետ է, բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի, և ապա ծոմ կպահեն» (Մատթ.9:14-16): Ահա եկել են այն ժամանակները, երբ փեսան վերցվել է մեզանից, և հասել են այն օրերը, որ մենք` մեղավոր մարդիկս, պետք է պահք և ծոմ պահենք: Ամեն ոք չէ, որ կարող է խստակենցաղ կյանքով ապրել և ծոմ պահել, բայց պահքը յուրաքանչյուր քրիստոնյայի համար պարտադիր պայման է: Պահքով է, որ մարդը զղջում է իր գործած մեղքերի համար, պահքով է, որ մարդն իր մեջ քննում է իր անցած ճանապարհը և պահքի միջոցով է, որ մարդը երկրավորից երկնայինին է ձգտում: Պահքը մի շրջան է, որի ընթացքում անհատը քննում է ինքն իրեն, տեսնում իր բացասական կողմերը և ձգտում զրկել այն ամեն վատից, ինչ որ ունի իր մեջ` փոխարենը լցնելով կամ ավելացնելով բարին, լավը և բազմաթիվ առաքինություններ: Ընդհանուր առմամբ պահքը բաժանվում է երկու մասի. պահք` մեղքից և պահք` մարմնական կերակուրներից: Այստեղ մեղքի պահքը` զղջումը, ավելի մեծ դեր ունի, քան սննդի պահքը: Սննդի պահքը նշանակում է հրաժարում կենդանական բոլոր կերակուրներից: Կան մարդիկ,որոնց առողջականը թույլ չի տալիս սննդի պահքը պահել, և բավարարվում են միայն մեղքի պահքով` զղջմամբ, որն էլ էականն է, կարևորը, և որին պարտավոր է ձգտել յուրաքանչյուր մարդ: Սակայն երբ մարմինը առողջ է, մարդը պարտավոր է պահքը կատարել ամբողջությամբ, ապա թե ոչ` պահքը թերի կլինի: Սուրբ Գիրքը ամեն դեպքում չէ, որ պատվիրում է ամեն ժամանակ կերակուրներից հրաժարվել, բայց պատվիրում է հեռու մնալ մեղքից: Աստված սուրբ է և պահանջում է, որ մարդն էլ մաքուր լինի, այսինքն` ազատվի մեղքից և հեռու մնա ամեն անիրավությունից ու շարժվի Սուրբ Գրքով սահմանված արդարության ճանապարհով: Այս առումով էլ մեղքից հետ կանգնելն օգտակար է անգամ առանց կերակրից հրաժարվելու, բայց կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: Ի՞նչ օգուտ, եթե մարմինը հյուծվի, բայց հոգին լցվի մեղքերով:
Պահքի նպատակը նաև մտքի մաքրությունն ու սրտի սրբությունն է, որոնք կարող են ախտով և արատով լցվել: Հետևաբար մարդը իրեն պետք է ետ պահի ոչ միայն զանազան կերակուրներից, այլև մեղքի ամեն պատճառից: Կան նաև այնպիսի մարդիկ, որոնք պահք պահում են, բայց արդյունքում անվարձ են մնում: Ինչպես օրինակ, երբ ժլատը պահում է, որպեսզի դրամ քիչ ծախսի, կեղծավորը պահում է, որ գովեստներ ընդունի իր շրջապատից, թե սա հավատացյալ և առաքինի մարդ է, տկարը պահում է, որ մարմինը չվտանգվի, աղքատը պահում է, որովհետև կերակուր չունի
Պահքի այս ձևը մարդիկ պահում են իրենց և ոչ թե Աստծո համար: Սակայն իրականում պահքը պիտի լինի միայն Աստծո փառքի համար: Պահքը Աստծուն սիրողների համար մեծ շնորհ է, որը սնուցում է մարդու հոգին, մարմինը, միտքը և բնակակից է դարձնում սրբերին, նրանց, ովքեր անբիծ հավատով են լցված առ Աստված և քրիստոնեական դավանութնունն ունեն իրենց սրտերում և պատվիրանները պահելով ու փրկության կոչին հետևելով` մոտենում են ԱստծունՊահքը ոչ միայն հոգուն է հարկավոր, այլև մարմնին է օգտակար ու պիտանի, ինչը և բժշկության կողմից է խորհուրդ տրվում մարդուն: Օգտագործելով միայն բուսական սնունդ` մարդու մարմինը ազատվում է ամեն տեսակ ախտեղային հիվանդություններից: Ուստի, ով տրտնջում է սուրբ Եկեղեցու կանոնական պահքի դեմ և զեխությամբ անձնատուր լինում կերակուրներ և ըմպելիքներ ըմբոշխնելուն, ոչ միայն հոգուն է վնասում` հպատակեցնելով կրքերին, այլև վնասում է մարմնին` ենթարկելով զանազան ախտերի ու հիվանդությունների

Առաջավորաց Պահք
Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Սուրբ Գրիգորը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին, նախքան մկրտելը, 65 օր շարունակ Քրիստոսին ու Նրա հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահքով ապաշխարել: Այդ հինգ օրերին ժողովուրդն իր արքայով հանդերձ ոչ միայն իրեն զրկել էր կերակուրներից, այլ ինչպես պահանջում է իսկական և Աստծու կողմից ընդունելի պահքը, մեծապես զղջում էր իր նախկին հեթանոսական, անբարո կյանքի և բոլոր տեսակ մեղքերի համար, մանավանդ հայոց արքան ու մեծամեծերը, որոնք Քրիստոսի հավատքի պատճառով Սուրբ Գրիգորին բազմաթիվ տանջանքների ենթարկելուց հետո օձալից ու խավար խոր փոսը` վիրապն էին գցել, իսկ Հռիփսիմյան կույսերին չարչարելով` սպանել:
Այսպես հաստատվեց Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը` Հայ Աոաքելական Եկեղեցու առաջին պահքը: Պետք է նշել, որ հնում պահք ասելով հասկանում էին մեր այսօրվա ծոմը, այսինքն՝ ընդհանրապես ոչինչ չէին ուտում (ջրի սակավ գործածությամբ) կամ ուտում էին միայն սակավ բանջարեղեն:
Բայց հետագայում բանջարեղենին ավելացան բուսական ծագում ունեցող նաև այլ կերակուրներն ու մեղրը, և տարբերակում մտավ պահքի ու ծոմի միջև` ծոմը դարձնելով պահքի ավելի խիստ տեսակը: Այսօր Առաջավորաց պահքը պահելու կերպը` ծոմ, թե սովորական պահք, թողնում են հավատացյալի կամքին։
Առաջավորքը, որին կիրակի օրը նախորդում է իր բարեկենդանը (պահքի շրջանին նախորդող ուրախության օր) սկսում են պահել Մեծ Պահքից 3 և Զատկի տոնից 10 շաբաթ առաջ։ Այն մեկն է մեր Եկեղեցու շաբաթապահքերից, որոնք այդպես են կոչվում մոտ մեկշաբաթյա տևողություն ունենալու պատճառով: Առաջավորքը պահում են 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթ ներառյալ, որին` շաբաթ օրը, հաջորդում է Սուրբ Սարգսի տոնը (այս տոնի պատճառով Առաջավորաց պահքր հաճախ կոչում են Սուրբ Սարգսի պահք, սակայն նախընտրելի է գործածել պահքի բուն անունը):                                  
Իսկ ինչո՞ւ ենք հենց հինգ օր պահք պահում:
Մեր Եկեղեցու Հայրերը սրան մի քանի բացատրություն են տալիս:
Ա) Ինչպես արդեն ասվեց, սուրբ Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ ողջ արքունիքը և հայ ժողովուրդն ապաշխարության պահքի մեջ եղան 5 օր:
Բ) Քանի որ մարդը հինգ զգայարան ունի` տեսանելիք (աչքերը), լսելիք (ականջները), հոտոտելիք (քիթը), ճաշակելիք (բերանը) և շոշափելիք (ձեռքերն ու ոտքերը),  որոնցով մեղանչում էուստի այս պահքի հինգ օրերի ընթացքում պիտի գղջա սրանցով կատարած իր մեղքերի համար, ի սրտե և անկեղծորեն խոստովանի դրանք Աստծուն և ջանք թափի այլևս չկատարել:
Գ) Ինչպես հայտնի է, Աստված աշխարհն ու նրանում եղած ամեն ինչ ստեղծեց 6 օրում։ Վեցերորդ օրը ստեղծեց մարդուն և, թեև մինչ այդ արդեն ստեղծել էր բոլոր տեսակի կենդանիներին, տվել նրանց աճելու ու բազմանալու հրաման, սակայն ուտելու հրաման դեռևս չէր տվել։ Այդ հրամանը (Ծննդ. 1: 29-30) մարդուն ու ամբողջ կենդանական աշխարհին տվեց միայն վեցերորդ օրը, այսինքն` 5 օր հետո: Ուրեմն աշխարհի ստեղծման առաջին 5 օրը, կարելի է ասել, պահքի կամ ծոմի օրեր էին, քանի որ ոչ ոք ոչինչ չէր ուտում:                             
Դ) Ըստ Եկեղեցու` այս պահքը սահմանել էին նաև Մովսեսից առաջ եղած նահապետները: Ավանդությունն ասում է, թե դրախտից արտաքսվելուց հետո Ադամը 5 օր քաղցած մնաց: Նրանից սո¬վորելով` նրա որդիներն էլ են հնգօրյա պահք պահել, օրինակ, Աբելը` զոհ մատուցելուց առաջ, կամ Սեթը, երբ իր հայր Ադամը մեռավ։ Ենովքն էլ 5 օր պահք էր պահում ամեն ամսամուտի, իսկ Նոյն այս պահքը պահել է տապան մտնելուց առաջ և այնտեղից ելնելուց հետո։ Աբրահամը, Հակոբը և Հովսեփն էլ են հնգօրյա պահք պահել: Եվ ըստ մեր Եկեղեցու Հայրերի բացատրության` Առաջավորաց պահքի` նաև նահապետներից սահմանված լինելն է պատճառը, որ այս պահքի առաջին չորս օրերի րնթացքում (երկուշաբթիից մինչև հինգշաբթի) Աստվածաշնչից հատվածներ` ընթերցվածներ, չեն կարդում եկեղեցում, որովհետև այս պահքը հաստատվեց այն ժամանակ, երբ դեռ չէին գրվել ոչ Հին Կտակարանի, ոչ էլ առավել ևս Նոր Կտակարանի գրքերը:                                
Առաջավորաց պահքի վերջին` ուրբաթ օրը, Հովնան մարգարեի (ն. Ք. 8-րդ դար) հիշատակի օրն է, և եկեղեցում ընթերցվում է նրա գիրքը, որտեղ նույնպես խոսվում է պահքի ու ապաշխարության մասին. «Թագավորի ու նրա մեծամեծների կողմից Նինվեում հայտարարվեց ու ազդարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն: Եվ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտե աղոթեցին Աստծուն, բոլորը հետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից և անօրենություններից, որ իրենց ձեռքով էր կատարվում…» (Հովն.3:7-8): Առաջավորաց Պահքը հիմնականում նախորդում է Ս. Սարգսի տոնին, սակայն տոնի հետ այն որևէ առնչություն չունի:                       
Պահք պահելուց առաջ անհրաժեշտ է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության և աղոթել, որ Աստված զորացնի պահքը ճիշտ անցկացնելու և հոգևոր օգուտներ քաղելու համար: Պետք է քաջ գիտենալ, որ պահքը մարմնի համար չէ, այլ՝ հոգու մեղքից ազատագրվելու, և մարմինն անհրաժեշտից զրկելով, վարժեցնում են հոգուն` մեղքից հրաժարվելու: Դրա համար պահք պահելու որևէ կանոն չկա, այլ կա բուն պահքը, որը սկզբից մինչև վերջ նույն կերպ է լինում, այսինքն՝ կենդանական կերակուր չճաշակելով կամ ընդհանրապես ոչինչ չուտելով: 


Մեծ Պահք
«Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Մեր Տերը սովորեցնում է, թե ինչ ոգով է պետք այն կատարել: Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավում է: Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալուՊահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում և չի հոգնում», - ասում է Ս. Գրիգոր Տաթևացին: Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:
Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է:

Ի՞նչ է պահքը
Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացի շրջան):
Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից: Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասումՄեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»:
Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող մեր եղբայրակցին դատելու. «Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3):
Պահքի կարևորությունը առավել հարազատորեն ըմբռնելու համար պիտի ընդգծենք այն հանգամանքը, որ այն օրինադրվել է դեռևս դրախտում, և Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկահացու կդառնաք» (Ծննդ.2:16-17): Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել այդ կիրակիներըԴրանով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքըՊահքերի (բացառությամբ օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են «բարեկենդան», իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված «բարեկենդան» անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիք գործածելու վերջին օրն է: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի  խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով  սկսում է Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:
Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման: Օրվա խորհրդի և անվան մասին Աստվածաշունչ մատյանի Ծննդոց Գրքում գրված է. «…Եվ արտաքսեց նրան Աստված Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից և ստեղծվել էր»: (Ծննդ. 3:23): Նախապատմությունը հետևյալն է. մարդն ունկնդիր լինելով Սատանայի խաբեբայական խոսքերին, պատվիրանազանց գտնվելով` համտեսեց արգելված պտղից: Որպես պատիժ, մարդն իհարկե, անմիջապես չմահացավ, սակայն զրկվեց Աստծո կողմից շնորհված անմահությունից և անիծվեց: Այսուհետ, մարդն իր քրտինքով պետք է վաստակի օրվա հացը և կինը պետք է ցավով ու տառապանքով զավակ ունենա և վերջում էլ ասվեց նրան. «...հող էիր և հող կդառնաս» (Ծննդ.3.19): Հենց սա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը և Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը:
Եկեղեցական հայրերն իմաստուն կերպով Քառասնորդաց Պահքի շրջանի կիրակիներն այնպես են դասավորել և այնպիսի անվանումներ ու խորհուրդներ տվել, որոնցով ի հայտ է գալիս մարդկության կյանքի ուղին՝ ծնունդ, մեղսագործություն, զղջում, ապաշխարանք: Սա ինքնին մարդուն խորհելու ևս մեկ առիթ է սեփական անձին անդրադառնալու, պահոց շրջանն արդյունավետ անցկացնելու համար:
Երրորդ կիրակին կոչվում է Անառակի, ըստ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի`(Ղուկ. 15:11-32),և մատնանշում է առ Աստված դառնալու և կորուսյալ դրախտը գտնելու կարեվորագույն նախապայմանը` ապաշխարանքըի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջեւ: Կրտսեր որդին իր բաժինը վերցնելով գնում է հեռու երկիր, ապրում ցոփ ու շվայտ կյանքով, վատնում ամբողջ ունեցածը:Այս դժվար դրության մեջ նա հիշում է հայրական տունը, զղջում կատարածի համար և վերադառնում: Հայրը, տեսնելով որդու զղջումը, ուրախությամբ ընդունում է նրան: Ավագ որդին դժգոհում է, որ ինքը միշտ հոր կողքին է եղել, սակայն նման պատվի երբեք չի արժանացել: Հայրը պատասխանում է, որ պետք է ուրախ լինել, քանի որ` ով մեռած էր, կենդանացավ: Ավագ, կրտսեր որդիներն արդար և մեղավոր հոգիներն են, և ինչպես հայրն է անառակ որդուն ընդունում, նույն կերպ էլ Աստված է իր գիրկն առնում զղջացող մեղավորին: Առակը նաեւ հետեւյալ խրատն ունի, որ բացահայտվում է ավագ որդու կերպարում: Ովքեր կարծում են, թե արդար են, պետք է խուսափեն սեփական անձի մասին չափազանց բարձր կարծիք ունենալուց:
Չորրորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Այն հիշատակում է միայն Ղուկաս ավետարանիչը, որի բովանդակությունը հետևյալն է: Մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան եւ հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից: Տնտեսը հասկանում է, որ կարող է անգործ մնալ, խորամանկության է դիմում: Նա կանչում է տիրոջ պարտապաններին, նրանց շնորհում իրենց ունեցած պարտքի մի մասը: Եվ այս ամենից հետո տերը գովում է տնտեսին` հնարամտությամբ վարվելու համար: Առաջին հայացքից թվում է, թե հակասություն կա այս գովեստի մեջ: Բայց անիրավ տնտեսը պարտապաններին շնորհում է այն, ինչն ավելիով գրել էր իր օգտին` պարտքի շնորհումով` ոչ մի վնաս չպատճառելով իր տիրոջը: Տերը գովում է տնտեսին` իր հասանելիք շահույթից հրաժարվելու համար: Այսինքն` հույժ գովելի է հրաժարումը, որն էլ հենց պահքի իմաստն է:
Պահքը մարդուն որեւէ գայթակղությունից հրաժարվելու ունակություն է սովորեցնում, հրաժարում, որից սկսվում է ինքնազսպումը կամ անձի ուրացումը: Քրիստոս ասում է. «Եվ ով իր խաչը չի վերցնում ու Իմ ետևից չի գալիս, Ինձ արժանի չէ» (Մատթ. 10:38): Այս առակը հորդորում է յուրաքանչյուրին հրաժարվելով և ինքնազսպմամբ  հասնել փրկության: Առակի այլաբանական իմաստն այս է: Հարուստ մարդը խորհրդանշում է Աստծուն, անիրավ տնտեսը` մեղավորին, որը երկար ժամանակ անհոգ կերպով վատնում էր Աստծո տված շնորհները, մինչեւ որ Աստված նրան պատասխանատվության է կանչում: Անիրավ տնտեսը խորհրդանշում է այն բոլոր մարդկանց, ովքեր զղջում են, ներում իրենց պարտապանների պարտքերը եւ սիրելի դառնում հրեշտակներին ու արդարներին:
Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատև աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Այդ օրվա խորհուրդը բացատրում է այրի կնոջ եւ դատավորի մասին առակը (Ղուկ. 18: 1-5): Ըստ առակի՝ մի այրի կին, անընդհատ խնդրում է Աստծուց չերկնչող եւ մարդկանցից չվախեցող դատավորին` իր դատն անելու: Դատավորը կնոջից ազատվելու համար ստիպված բավարարում է նրա պահանջը: Այս առակը պատմելուց հետո Քրիստոս հավաստիացնում է բոլորին, որ եթե անարդար դատավորն այրի կնոջ դատը տեսավ, ապա Աստված առավել ևս կկատարի բոլոր նրանց խնդրանքները, ովքեր միշտ աղոթքով խնդրում են:
Առակը հորդորում է ամեն ժամ աղոթել, որը խորհրդանշում է հոգու մշտական մղումն առ Աստված, բայց միևնույն ժամանակ իրական աղոթքի կոչ է: Առակը պատմելուց հետո  Քրիստոս ասում է. «Իսկ երբ մարդու Որդին գա, արդյո՞ք երկրի վրա հավատ կգտնի» (Ղուկ. 18: 8):  Առակում Հիսուսը տալիս է երկրորդ գալստյան գաղափարը: Տիրոջ բառերի մեջ տխրություն ու թախիծ է զգացվում: Փրկչի համար ցավալի է, որ շատ մարդիկ կարող են ենթարկվել Ահեղ դատաստանի` արքայության ժառանգորդներ լինելու փոխարեն:
Վերջին` Գալստյան կիրակին: Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է: Հաստատվեց այն ճշմարտությունը, որ Փրկչի Գալստյամբ հնարավորություն ընձեռնվեց մարդկությանը փրկության ուղով առաջնորդվել: Այս կիրակին միևնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի: Ավետարաններում և առաքյալների թղթերում բազում հատվածներ և անդրադարձներ կան Երկրորդ Գալստյանը նվիրված: Տերը զգուշացնում է Երկրորդ Գալստյան և նրա նախանշանների մասին. «Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր…:Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորությունն՝ թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց: … Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24: 4-13): Այս է Գալստյան կիրակիի խորհուրդը` կոչ համբերության, բարեպաշտության, պարկեշտության, որովհետև հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ հրաշափառ Գալստյանը:                
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս.Զատիկը:
Ավագ երկուշաբթի: Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և տաճարը մաքրելու օրն է:                                              
Ավագ երեքշաբթի: Տասը կույսերի հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է: Նույն օրը Երուսաղեմի տաճարում լսվել է երկնային ձայնը, Տաճարի կործանման կանխատեսումը, Տաճարից Քրիստոսի վերջնականապես հեռանալը: Եկեղեցին Ավագ երեքշաբթի հիշատակում է տասը կույսերի առակը եւ Վերջին Դատաստանի բացատրությունը, ինչպես նաեւ Ջրհեղեղը եւ մարդկության կրկին սկզբնավորումը:
Ավագ չորեքշաբթի: Մեր Տիրոջ մատնության հիշատակի օրն է: Հիշատակվում է Քրիստոսի օծումը եւ Հուդայի մատնությունը: Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսին, ինչը խորհրդանշում է Տիրոջ մոտալուտ մահը: Օծմանը հաջորդում է Հիսուսին մատնելու և փարիսեցիների ձեռքը հանձնելու Հուդայի որոշումը:
Ավագ հինգշաբթի: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրն էՎերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, միջօրեին մատուցվում է Սբ. Պատարագ: Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ: Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարումկարգը: Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը: Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ:Առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ: Հանդիսավոր Սբ. Պատարագ հետո ոտնլվայի կարգ է կատարվում:Ընթացքում օրհնվում է յուղը: Կատարվում է հսկում, կամ խավարում:                                          
Ավագ ուրբաթ: Հիսուս Քրիստոսի ձերբակալության, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է: Առավոտյան կատարվում է ժամերգություն, ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը, թաղումը: Ավագ ուրբաթ պատարագ չի մատուցվում, որովհետեւ Քրիստոս պատարագվեց խաչի վրա: Երեկոյան արարողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը: Խաչելության կարգ,թաղման կարգ և հանդիսավոր թափոր:                                     
Ավագ շաբաթ: Դժոխքի ավերում, Ճրագալույցի Սբ. Պատարագ: Քրիստոսը մահից հետո իջավ դժոխք, ավերեց այն` փրկություն շնորհեց արդարների հոգիներին: Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ: Հընթացս Ճրագալույցի Սբ. Պատարագի, երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը, վերջանում է նաեւ Մեծ Պահքը:
Կիրակի: Սուրբ Զատիկ: Հարություն Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի: Տոնական Սբ. Պատարագ:


Комментариев нет:

Отправить комментарий