четверг, 12 июля 2012 г.

Աղանդների մասին


Մորմոններ

Հայաստանը, ինչպես նախկինում, այսօր էլ թատերաբեմ է բազմաթիվ կրոնական ուղղությունների համար, որոնք իբր թե «լույս» և «փրկություն» են տարածում մեզանում: Հայ հասարկությունը ներթաթախված է աղանդավորական շարժումների ակտիվ գործունեությամբ: Աղանդներն այսօր իրենց ապազգային և հոգեկործան գաղափարներով փորձում են ներթափանցել մեր հասարակության ամենատարբեր ոլորտների մեջ: Այս իրողությունն ու նպատակը ինքնին լի է վտանգով մեր երկրի ռազմավարական ուժերի, սոցիալ-տնտեսական իրավիճակի, ժողովրդի կողմից ընդունված և կիրառվող ազգային ավանդական արժեքների և բարոյական չափանիշների համար: Այդ կրոնական խմբերը վերջին շրջանում ակտուալ են դարձրել երկրի ուժային կառույցներ թափանցելու և դրանք, եթե ոչ գաղափարապես ոչնչացնելու, ապա չեզոքացնելու խնդիրը, ինչն արդեն իսկ իրական սպառնալիք է տվյալ երկրի առհասարակ գոյության համար: Այս տեսակետից առավել ակտիվ և նպատակաուղղված են գործում «Եհովայի վկաներ» և «Մորմոններ» կրոնական շարժումները, որոնք իրենց ներկայացնում են միակն ու ճշմարիտը:
Առաջանալով և զարգանալով 19-րդ դարի կեսերից ԱՄՆ-ում` այդ կրոնական ուղղություններն ի սկազբանէ ոչ միայն շեղվել են ճշմարիտ հավատքից, այլև դեմ գնացել Ուղղափառ Եկեղեցու վարդապետական սկզբունքներին, կանոնադրությանը, բարոյական չափանիշներին ու աշխարհընկալմանը: Այս խմբավորումների հիմնադիրները եղել են քրեական անցյալ ունեցող անձինք, առանց բարձրագույն կրթության և ինտելեկտի: Օրինակ` «Մորմոններ» աղանդի (հայտնի են նաև Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի անվանումով, որը պաշտոնականն է) հիմնադիր Ջոզեֆ Սմիթը կարողացել է կարդալ շատ մեծ դժվարությամբ և գրել է միայն շատ պարզունակ դարձվածքներ` այն էլ սխալներով: Ջոզեֆ Սմիթի ընտանիքը ժամանակակիցները բնորոշել են իբրև զուրկ այնպիսի բարոյական հատկանիշներից, որոնցով  սովորաբար արժանանում են հասարակության վստահությանը: Ջոզեֆը վաղ հասակից զբաղվել է օկուլտիզմով (գաղտնագիտությամբ, ոգեկանչությամբ, որը մերժելի է Հայ Առաքելական Եկեղեցու կողմից), դիմել ոգիների օգնությանը գանձ գտնելու նպատակով: Գանձ, իհարկե, նա չի գտնում, բայց փոխարենը 1826 թ. նրան դատում են խաբեությամբ փող կորզելու համար:
1833 թ. Ջոզեֆ Սմիթը հիմնադրում է իր աղանդը` հայտարարելով, որ Մորոնի Աստծո հրեշտակը իրեն է փոխանցել միակ և ճշմարիտ աստվածային հայտնությունը և ինքն է լինելու միակ մարգարեն: Այնուհետև Սմիթին հաջորդում է Բրիգհեմ Յանգը: Վերջինս ստանձնելով Մարգարեի և Առաջնորդի պաշտոնը` մորմոններին առաջնորդում է Յութայի նահանգ և հաստատվում Սոլթ Լեյք Սիթիում (բառացի` Աղի լիճ քաղաք): Մինչ այսօր այնտեղ է գտնվում մորմոն «եկեղեցու» կենտրոնակայանը:
Մորմոնների ներխուժումը Հայաստան սկսվեց 1988 թ. հետո, երբ զանազան  բարեգործությունների անվան տակ մորմոններն էլ հաստատվեցին մեր երկրում: Մորմոնների աստվածաբանությունը խճճված մի հանգույց է, և այն իրենք էլ պարզորեն պատկերացնել չեն կարողանում, քանի որ ակնհայտ հակասությունները, վրիպակները, իրարմերժ դրույթները դժվարությամբ են քողարկվում: Չնայած որ մորմոնների պաշտոնական անվան մեջ առկա է «Հիսուս Քրիստոս» հատուկ անունը, նրանց կրոնը բավականին հեռու է քրիստոնեությունից, իսկ քրիստոնեական տարրերն էլ այնքանով են ընդունելի նրանց աստվածաբանների կողմից, որքանով դրանք չեն հակասում Ջոզեֆ Սմիթ մարգարեի հայտնություններին: Սուրբ Գիրքը (Աստվածաշունչը) մորմոնները փոխարինեցին Մորմոնի գրքով, ուր պարփակված են Սմիթի հայտնություններն ու գաղափարները:
Մորմոններին բնորոշ է կարևոր տեղեկությունների հավաքագրումը տվյալ երկրի վերաբերյալ, ինչն ակնհայտորեն վկայում է նրանց` ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների հետ համագործակցության մասին: Մեծ թվով մորմոններ աշխատում են Միացյալ Նահանգների տեղական վարչություններում և դաշնային կառավարությունում, այդ թվում դիվանագիտական ծառայության մեջ, ԿՀՎ-ում, ՀԴԲ-ում, զինված ուժերում և այլուր: Օրինակ` Ջ. Բուշ ավագի կառավարության մեջ ազգային անվտանգության գծով նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցնում էր մորմոն Բրենտ Սքոուքրոֆթը: Մորմոնները գործնականում ամեն տեղ ակտիվ ջանքեր են ներդնում մուտք գործելու համար տեղական վարչական մարմիններ` գործելով ամենախիստ գաղտնիության մթնոլորտում:
1992 թ. ի վեր մորմոնները սկսեցին ակտիվորեն աշխատել Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Վրաստանի, ինչպես նաև Հայաստանի արխիվային վարչությունների հետ` այնտեղից կորզելով նշված երկրների համար ռազմավարական նշանակություն ունեցող տվյալներ: 
«Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցին» այժմ ներկայանում է նաև որպես հզոր ֆինանսական կայսրություն (նրա կապիտալն անցնում է 30 միլիարդ դոլարը): Այս կարողության հիմնական աղբյուրն իր հետևորդների կողմից պարտադիր կերպով ամսական վճարվող տասանորդն է, որն ընդունվել է 1838 թ. «աստվածային պատվիրանով»: Որոշ գնահատականների համաձայն, «տասանորդը»  տարեկան տալիս է 2,5-4,3 մլրդ. դոլար եկամուտ: Նրանք ունեն նաև այլ տուրքեր, ըստ որոշ տեղեկությունների, միջին մորմոնը տալիս է իր եկամտի մինչև 27%-ը: Այս միջոցներն օգտագործվում են «եկեղեցական» շինարարության, սոցիալական և տնտեսական ծրագրերի, կապիտալ ներդրումների իրականացման համար:
Հսկայական եկամուտ է բերում նաև մորմոնական առևտրային գործունեությունը: Մորմոնական աղանդին են պատկանում ավելի քան 100 առևտրային ընկերություններ: Նրանց է պատկանում Յուտա նահանգի մեծ մասը, նշանակալի չափերի հողատարածքներ, «Մարիոթ» հյուրանոցային ցանցը,  ապահովագրական ընկերություններ, շաքարային կայսրությունը, սուպերմարքեթների ցանցեր, հրատարակչական կենտրոններ, գործարաններ: Նրանք մեծ ուշադրություն են դարձնում ԶԼՄ-ների վրա. տիրապետում են որոշ թերթերի, 11 ռադիոկայանների, 2 հեռուստակայանների: Այս ամենը, գաղափարական ազդեցության հետ մեկտեղ, նրանց տարեկան 300 մլն. դոլար եկամուտ է բերում: Մոտավոր տվյալներով նրանք այսօր ունեն 50.000 գործունյա անդամներ, որոնք զբաղվում են միայն ավետարանչությամբ (այսինքն` մորմոնականության տարածմամբ): Մորմոնների ընդհանուր թիվը 1994 թ. տվյալներով կազմել է 6 միլիոն, իսկ 2002 թ. տվյալներով աշխարհի 130 երկրներում մորմոնների թիվը հասնում է 10 միլիոնի:
Մորմոնական աղանդի համար գոյություն չունեն ազգային մշակույթ, ազգային մտածողություն հասկացությունները: Նրանց համար ամենակարևորը «Մորմոնի գիրքն» է: Ով չի ընդունում այն և հետևում դրան, համարվում է հեթանոս:
Մորմոնական աղանդի ներքին ամբողջական կառուցվածքը մինչև օրս էլ հայտնի չէ աղանդագիտությանը, քանի որ այս կրոնական շարժումը գործում է խիստ գաղտնիության ռեժիմի պայմաններում: Սակայն որոշ բաներ վերջ ի վերջո ի հայտ են եկել: Փաստ է, որ մորմոնների աղանդում գործում է այսպես կոչված «դանակներ» կազմակերպությունը: Վերջինս հիմնադրվել է դեռևս 1839 թ. Ժոզեֆ Սմիթի կողմից և իրականացնում էր պատժիչ գործողություններ ոչ միայն իրենց հետևորդների, այլև նրանց նկատմամբ, ովքեր հանդգնում էին խանգարել կամ դեմ կանգնել մորմոնների գործունեությանը: Հայտնի է, որ 1843 թ. «դանակների» ջոկատն այրում է մի տպարան, ուր տպագրվում էին մորմոնների և Սմիթի դեմ ուղղված նյութեր: Հրդեհի հետևանքով զոհվում են մի քանի աշխատակիցներ:
Մեր օրերում այս կազմակերպությունը հետևում է մորմոնական աղանդի անդամների ապրելակերպին ու գործունեությանը, տասանորդի հավաքագրմանը, վերահսկում իրենց առևտրային ցանցի անխափան աշխատանքը, և անշուշտ, պատժում մորմոնների ներքին կյանքը խաթարողներին ու իրենց դեմ ակտիվ պայքարողներին: Բացի դրանից մորմոնների մոտ ընդունված է բազմակնությունը: Այն ընդունվել է նույնպես Ժոզեֆ Սմիթի կողմից 1843 թ.: Թեև այս որոշմը տարաձայնություններ առաջացրեց Սմիթի հետևորդների մեջ, նույնիսկ եղան բաժանումներ, սակայն, ինչպես պարզվում է, այն շարունակում է գոյություն ունենալ այս աղանդի մեջ, հատկապես հովիվների, ակտիվ քարոզիչների և ղեկավարների համար: Ընդհանրապես բազմակնությունն այսօրվա մորմոնների մոտ համատարած բնույթ չի կրում: Մորմոնների բազմակնության վերաբերյալ հայտնի է նաև մի տխուր պատմություն: Բազմակնության կացութաձևն այն աստիճան է հուզում ոչ մորմոն բնակչությանը, որ 1851 թ., ի վերջո, ԱՄՆ-ի կառավարությունը ստիպված է լինում մորմոնական «եկեղեցուն» սպառնալ ողջ ունեցվածքի բռնագրավմամբ և լուծարմամբ, որպեսզի կանխի արմատավորված այս արատը: 1857 թ. այս նպատակով ԱՄՆ-ի կառավարությունը թվով 2400 սվինավոր մի բանակ է ուղարկում: Ի պատասխան 1857 թ. սեպտեմբերին, մորմոնների առաջնորդ Բրայմ Յանգը (նա այդ ժամանակ ուներ 70 կին և 56 երեխաներ) կարգադրում է Ջոն Լիին կոտորել արկանզասցի մոտ 100 անզեն ներգաղթող հեթանոսների (ըստ մորմոնների` ոչ մորմոնները «հեթանոսներ են»): Այս իրադարձությունը պատմության մեջ է մտնում «Լեռնային մարգագետինների ջարդ» անվանումով:  ԱՄՆ կառավարությունը, միայն 12 տարի անց անդրադառնալով այս դեպքին, մահվան դատապարտեց Ջոն Լիին, իսկ Յանգը խոյս տվեց:  
Մորմոնները` «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցին» որպես  կրոնկան կազմակերպություն ՀՀ-ում գրանցվել է 1992 թ. և կենտրոններ ունի Երևանում (5 կենտրոն), Աշտարակում (1 կենտրոն), Գյումրիում (1 կենտրոն), Վեդիում (1 կենտրոն): Հայկական մորմոնական համայնքը մտնում է Արևելյան Եվրոպայի Սյան մեջ, որի կենտրոնը գտնվում է Մոսկվայում: Հայաստանում, համաձայն իրենց 2002 թ. տվյալների, նրանք ունեն մոտ 1200 անդամ, որոնցից մոտ 20-ը եղել են մորմոնական տաճարում:

Եհովայի վկաններ

Քրեական և արկածախնդիր անցյալ է ունեցել նաև «Եհովայի վկաներ» աղանդի հիմնադիր Թեյզ Չարլզ Ռասելը, որն արդեն 18 տարեկան հասակում ստեղծում է մի փոքրիկ խումբ` Աստվածաշնչի սերտողության նպատակով: Այդ տարիներին նա, չնայած որ կրթություն չուներ և չէր տիրապետում դասական լեզուներին` հունարենին և եբրայերենին, որոնցով գրվել են Աստվածաշնչի գրքերը ու չուներ նաև որևէ աստվածաբանական կրթություն, հանկարծ սկսում է Սուրբ Գրքի սեփական թարգմանական տարբերակն առաջարկել, մեկնաբանել, բացատրել: Սա հենց այն վառ հատկանիշն է, որ բնորոշ է 19-րդ դարի ամերիկյան կրոնական շարժումներին: Ի միջի այլոց, նույն այդ «հիվանդությամբ» են տառապում նաև ժամանակակից եհովականները մեզանում` Հայաստանում: 
Հատկանշական է, որ Ռասելն ակտիվորեն քննարկում էր Քրիստոսի երկրորդ գալստյան խնդիրը, նշանակում էր տարեթվեր, երբ, ըստ նրա, պիտի տեղի ունենար Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը: Նա իր հետևորդներին հավաստիացնում էր, որ 1914 թ. պիտի լինի Քրիստոսի գալուստը և երկրի վրա հաստատվելու է Եհովայի թագավորությունը: Ինչ խոսք, բոլորս էլ գիտենք, որ նման բան տեղի չունեցավ. ըստ էության Ռասելի գուշակությունը խաբեություն էր: Հարկ է նշել, որ Չարլզ Ռասելը խաբեության, խարդախության և անբարոյականության պատճառով քանիցս կանչվել է դատական պատասխանատվության: Օրինակ` հայտնի է նրա «առևտրական բիզնեսի» խայտառակ պատմությունը` «հրաշագործ ցորենի» վաճառքը, երբ Ռասելը սովորական ցորենը հայտարարեց «հրաշագործ, օրհնված» և վաճառքի հանեց սովորական գնից մի քանի անգամ ավելի թանկ: Բնական է, որ այդ «հրաշագործ» ցորենը մեկի դիմաց հարյուր բերք չտվեց, և խաբված մարդիկ դատի տվեցին Ռասելին: Մեկ ուրիշ առիթով ևս Չարլզ Ռասելը հայտնվեց դատարանի դռները. այս անգամ նա մեղադրվում էր իր հոգեդստեր (փոքր տարիքից որդեգրած աղջկա)  հետ սեռական կապերի մեջ մտնելու համար: Դատարանի որոշմամբ Ռասելին արգելվեց իր հոգեդստեր հետ շփվել և անգամ տեսակցել: 
1879 թ. վերջինս հիմնում է իր թերթը «Սիոնի Դիտարանը կամ Քրիստոսի ներկայության ազդարարը», ինչն էլ հետագայում դարձավ Եհովայի վկաների Դիտարանի կամ Դիտաշտարակի նախատիպը: Շուտով այս շարժումը ճանաչվեց որպես «Սուրբ Գրքի ուսումնասիրողների միություն», որն էլ հետագայում անվանափոխվեց և ստացավ «Եհովայի վկաներ» (Եհովա բառը եբրայերեն է և նշանակում է Աստված) անունը:
1908 թ. Ռասելի կենտրոնակայանը տեղափոխվեց Բրուկլին, Նյու Յորքի արվարձաններից մեկը, ուր և գտնվում է մինչ օրս: Այստեղից էլ ղեկավարվում է այն հսկայական պետություն-կազմակերպությունը, որը լայն ցանց ունի տարբեր ազգերի, պետությունների մեջ:   
Ռասելի մահվանից (1914 թ.) հետո էլ իր ստեղծած կրոնական շարժումը շարունակեց գոյություն ունենալ և զարգանալ` դառնալով մի ամուր կառավարական կազմակերպություն:
1917 թ. «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության նախագահ է ընտրվում  դատավոր Ռուտերֆորդը: Վերջինս և իր կաղմնակիցներին 1918 թ. ձերբակալեցին` պետությանն անհնազանդություն և բանակում չծառայելու քարոզների տարածման համար: Նրանց ազատ արձակեցին Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո` 1919 թ.: Ռուտերֆորդի ժամանակ Եհովայի վկաները սկսեցին թշնամական և անհանդուրժող դիրք գրավել բոլոր եկեղեցիների ու կրոնական հարանվանությունների նկատմամբ` որակելով բոլորին որպես սատանայական: Նրա ժամանակ էր, երբ պարտադիր համարվեց տներ այցելելը և քարոզչության այլ պլաններ իրագործելը:
Հայաստան Եհովայի վկաները թափանցեցին անցյալ դարի 80-ական թվականների վերջերին` ընկնելով դռնեդուռ և քարոզելով «բարի լուրը» հայ ընտանիքներին:  Եհովականների համար բարի լուրն այն է, որ մարդը հոգի չունի, մեռնելու է անասունի պես, չպետք է հավատալ Հիսուս Քրիստոսին, նա Աստված չէ, այլ սովորական մարդ է, այս պետություն էլ սատանայից է և շուտով կործանվելու է. վերջում եզրափակելով ասում են` շտապեք մեր հավաքատեղին, ուր պիտի գտնեք փրկության ճանապարհը: Արդեն 130 տարի է, ինչ անընդհատ նույն քարոզն են տանում ու առանց հոգնելու շարունակում են նույն պարզունակությամբ ընթանալ 21-րդ դարում:
Նրանց չի կարելի եկեղեցի համարել , քանի որ եկեղեցի` դասական իմաստով, նրանց մոտ գոյություն չունի: Իրենք էլ են խուսափում այդ բառից և իրենց չեն անվանում եկեղեցի: Եհովականներն իրենց հռչակում են միակ ճշմարիտ կազմակերպություն-պետություն, Եհովայի պետության կամ կառավարության, որի քաղաքացիները Եհովայի վկաներն են: Այդ պետության մայրաքաղաքը գտնվում է Բրուկլինում` Նյու Յորքի արվարձանում (Միացյալ Նահանգներ), և բոլոր հրահանգները, ցուցումները գալիս են այնտեղից, որոնք իրենց հերթին ճշմարտությունը ստանում են երկնքից: Նրանք հավատում են, որ միայն իրենց կազմակերպություն-պետությունն է ղեկավարում Եհովան, մնացած բոլոր կազմակերպություններին (այդ թվում նաև քրիստոնյա եկեղեցիներին), ուժային կառույցներին և պետություններին ղեկավարում է սատանան: Նրանց է պատկանում աշխարհի ամենամեծ տպարանը, որտեղ հրատարակվում է միայն իրենց գրականությունը միլիոնավոր օրինակներով, ունեն առևտրային ընկերություններ: Եհովականների պաշտոնաթերթը` Դիտարանը, ուր զետղվում է նրանց ուսմունքը տարբեր հարցերի վերաբերյալ, տպագրվում և տարածվում է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերենով: Նրանք հրատարակում են իրենց խմբագրությամբ  Աստվածաշունչ, որը տարբերվում է սովորական, այսինքն` Աստվածաշնչային ընկերության կողմից հրատարակվող Աստվածաշնչերից: Այդ փոփոխված Սուրբ Գրքերը համապատասխանեցված են Եհովայի վկաների վարդապետությանը:
Եհովայի վկաների կենտրոնակայանը, ինչպես արդեն վերևում նշեցինք, գտնվում է  Բրուկլինում` Նյու Յորքի արվարձանում, և կոչվում է Ղեկավար մարմին: Այսօր Ղեկավար մարմինը բաղկացած է Տասներկու «օծյալ» ծերունիներից` երկնային դասից, որոնց նախագահն է  Միլտոն Հենշելը: Ստորին օղակներ են համարվում ժողովները, իսկ հավաքատեղին Թագավորական սրահն է: Այս ժողովները ղեկավարում և վերահսկում են վերակացուները կամ ծերերը` իրենց օգնական սպասավորներով: Ամեն մի Եհովայի վկա համարվում է ավետարանիչ: Ավետարանչություն անելով` նրանք հասկանում են գրքեր տարածելը մարդաշատ վայրերում, մետրոների կայարաններում, փողոցներում: Պարտադիր է համարվում նաև պատահական տների դռները թակելը և «բարի լուր»  քարոզելը: Ամսական  100 ժամից քարոզչություն անող «ավետարանիչ» Եհովայի վկան կոչվում է պիոներ . այսինքն`  պիոները միջին հաշվով օրական 3-4 ժամ պետք է դրսում իրենց գրքերը տարածի: Այս ցուցանիշը բավականին բարձր է, և լավ կազմակերպելու դեպքում նրանք կարող են մի քանի տարում իրենց ավետարանը կամ բարի լուրը` Բրուկլինից բխած հրահանգները, հասցնել մեկ միլիոնանոց քաղաքի բոլոր բնակիչներին: Մի կարևոր հանգամանք ևս. պիոներական կազմակերպությունն այդ ամենը կատարում է ոչ թե սիրուց դրդված, այլ որպես պարտականություն, քանի որ հակառակ դեպքում կզրկվեն հետագա աստիճաններով բարձրանալու հնարավորությունից: Քարոզիչների միջին տարեկան պլանը համարվում է 1200 ժամը:
Եհովայի վկաների վարդապետության մեջ կարելի է առանձնացնել հետևյալ հիմնական սկզբունքները, որոնք կազմում են նրանց աստվածաբանության կորիզը. 1.Սուրբ Երրորդության մերժում: Սուրբ Հոգին ներկայացվում է որպես Եհովայի զորությունը, գործուն ուժը: Ամենուրեք այն պետք է գրվի փոքրատառով, որպեսզի չհասկացվի նրա անձ լինելը, այլ շեշտվի նրա հասարակ անունը: Հիսուս Քրիստոսին ներկայացնում են միայն որպես մարդ:
2. Պատմական բոլոր եկեղեցիների գլուխը, համաձայն Եհովայի վկաների, սատանան է:  Ըստ իրենց ընկալման, ճշմարիտ եկեղեցին ոչ նյութական կառույց է և միայն 144.000 անդամ ունի, որոնք հոգի են և մարմին չունեն:
3. Հիվանդագին ձգտում, ցանկություն աշխարհի վախճանի օրը իմանալու համար: Նրանց բոլոր անդամները, արդեն 130 տարի է, հավատում են, որ իրենցից ամեն մեկը գիտե այդ օրը և կարող է հաստատ ասել ու ապացուցել: Այդ «գիտուններին» այսօր ավելացել են հայազգի եհովայական «գիտունները»: Այդ մեթոդը շատ օգտակար է անդամներին ակտիվ վիճակում պահելու համար, Բրուկլինն էլ ամեն կերպ խրախուսում է այդ:  
Եհովայի վկաներին խորթ են հայրենիք գաղափարը, պետական տոները, ազգային սովորությունները: Նրանք բացահայտորեն մերժում են ծառայությունը բանակում` համարելով այն սատանայական: Բոլոր նրանց, ովքեր Եհովայի վկաներ չեն, նրանք անվանում են սատանայի գործակիցներ ու ծառաներ: Եհովականների մոտ մասսայական բնույթ է կրում բժշկական ծառայություններից խուսափելը, մանավանդ կտրականապես մերժվում է արյան փոխներարկումը. այս երևույթը նրանք բացատրում են որպես` «ուտել մարդու արյուն», ինչը, ըստ Աստվածաշնչի, համարվում է ծանրագույն մեղք: Գրանցվել են դեպքեր, երբ Եհովայի վկաներ աղանդի հետևորդները դիմել են ինքնասպանության կամ ուրիշ տեսակ հանցագործության: Հայաստանում արձանագրվել են մի քանի այդպիսի դեպքեր. վերջինը գրանցվեց այս տարվա նոյեմբեր ամսի վերջերին, երբ մի Եհովայի վկա սպանել էր իր ծեր ծնողներին` հայտարարելով, որ իրագործում է Եհովայի կամքը:  
1996 թվականի տվյալներով «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպությունն ամբողջ աշխարհում ունի մոտ 13 միլիոն անդամ: «Դիտարանի» (Եհովայի վկաների պաշտոնական ամսաթերթը) 1999 թ. N 1 համարում զետեղված տվյալների համաձայն, եթե այն ճիշտ է, Հայաստանում արդեն կա մոտ 12.000 Եհովայի վկա:
Ցավոք, վերջերս մի ուսումնասիրություն հրապարակվեց, համաձայն որի 230 պետությունների շարքում Հայաստանը Եհովայի վկաների թվով զբաղեցնում է առաջին հորիզոնականը:
Ակնհայտ է, որ նրանց գործունեությունը վտանգավոր է մեր հասարակության համար: Հետևաբար պետք է զերծ մնալ այդ կրոնական կազմակերպությունից, որը համագործակցում է նաև որոշ երկրների գաղտնի ծառայությունների հետ, ակտիվ հակաքարոզչությամբ կանխել նրանց տարածումը մեր երկրում:


«Կյանքի խոսք »  և «Նոր սերունդ»

XX դ. 50-ական թվականներին հոգեգալստական աղանդն ընդլայնելով իր աստվածաբանական հիմնադրույթները, մի նոր ճյուղավորում է առաջ բերում` խարիզմատիկ (շնորհական) շարժումը, որն ընդունելով հոգեգալստականների բոլոր գաղափարները` շեշտը մասնավորապես դնում են միայն պարգևների (ոչ միայն լեզվախոսության), նրանց բազմակողմանի դրսևորման վրա: Այս հանգամանքը պատճառ դարձավ Հոգեգալստականների բաժանմանը և տրոհմանը բազմաթիվ ուղղությունների, որնցից են, օրինակ` «Կյանքի խոսք» և «Նոր սերունդ» կրոնական շարժումները:
Նշենք, որ «Կյանքի Խոսք» աղանդավորական շարժումը որպես այդպիսին հիմնադրվել է Շվեդիայում 1983 թ. Ուլֆ Էկմանի կողմից և ուղիղ կապ ունի նաև «Հավատքի շարժում» կազմակերպության հետ: «Նոր Սերունդ» շարժումը ևս   ունի ամերիկա-շվեդական ծագում: Վերջիններիս ընդունված է անվանել նաև «Նոր Հոգեգալստական» շարժումներ: Այս երկու կրոնական ուղղությունների հիմքում ևս ընկած է Սուրբ Հոգով մկրտությունը, որն արտահայտվում է լեզվախոսության շնորհով: Բացի դրանից այս շարժումներին բնորոշ է նաև Աստվածաշնչյան պատգամների, խոսքերի ուղիղ կիրառումը, ինչը հղի է մեծ վտանգներով:
Լեզվախոսությունն իրենց մոտ կատարվում է հուզականության վառ արտահայտմամբ` առաջ բերելով հոգեբանական զանազան երևույթներ, որոնց նրանք, այսինքն` այդ աղանդների հետևորդները, վերագրում են աստվածային ծագում և առաջնորդություն: Լեզվախոսությունն ուղեկցվում է անհասկանալի բառերի, ձայների, երբեմն էլ գոռում-գոչյունների ու բղավոցների ուղեկցությամբ: Այս երևույթը միանգամայն հակաքրիստոնեական է, չունի Ավետարանական հիմք և մերժելի է Ուղղափառ Եկեղեցիների, այդ թվում և Հայ Առաքելական Եկեղեցու կողմից:
Ժամանակակից բժշկագիտությունն ապացուցել է, որ մարդուն հաճախակի էքստազի (մտահափշտակության) հասցնելը չափազանց վտանգավոր է նրա առողջության համար. շատ դեպքերում նման կարգի մարդկանց մոտ նկատվում է հոգեկան հավասարակշռության խախտում, այլ խոսքով մարդը դառնում է հոգեկան հիվանդ: Այս շարժման հետևորդների մոտ նկատվում է նաև անձնական «ես»-ի, սեփական կարծիքի արտահայտման,  տրամաբանելու ունակության կորուստ, որի հետևանքով հետևորդներն ընկնում են խիստ կախվածության մեջ իրենց առաջնորդներից և հովիվներից:
Այս աղանդավորական շարժումները Հայաստանում ի հայտ են եկել 90-ականների վերջերին և լայն տարածում ստացել:
Հատկապես «Կյանքի Խոսք» ուղղության մեջ որոշ ուղղափառ աղանդագետներ նկատում են «հրեական հետք»: Պատճառն այն է, որ այս կրոնական կազմակերպությունը 90-ականների սկզբին սկսել է զբաղվել հրեաների տարհանմամբ դեպի Իսրայել` Շվեդիան դարձնելով տրանզիտային երկիր: Սովետական իշխանության փլուզումից հետո հիշյալ աղանդավորական շարժումը հիմնադրել է «ժաբոտնինսկու գործողություն» կազմակերպությունը` ԱՊՀ երկրներում բնակվող հրեաներին օգնելու և ֆինանսապես աջակցելու նպատակով: Կան անգամ պնդումներ, որ դա հրեական գաղտնի ծառայությունների գործն է:
Ուկրաինայում «Կյանքի Խոսք» աղանդի, որը հայտնի է նաև «Աստծո դեսպանություն» անվանումով, առաջնորդը ենթարկվել է քրեական  պատասխանատվության` մեղադրվելով ֆինանսական խարդախությունների մեջ: Ռուսաստանի Դաշնության Մագադան մարզում հիշյալ կրոնական ուղղությունը կանչվել է դատական պատասխանատվության` մեղադրվելով մարդու հոգեկան առողջությանը ծանր վնասներ հասցնելու մեջ:
1998 թ. Ռուսաստանում գործող «Նոր Սերունդ» աղանդավորական շարժման երեք հետևորդներ գործել են ինքնասպանություն` գտնվելով հարատև  հուզական իրավիճակի մեջ, իսկ նպատակը` «սատանային քշելու» և նրա ազդեցությունից ազատվելն է եղել: Նման մոտեցումը միանշանակ խորթ է ու դատապարտելի Հայ Առաքելական Եկեղեցու ուղղափառ վարդապետության տեսանկյունից:
«Կյանքի Խոսք» և «Նոր Սերունդ» կրոնական շարժումներն ունեն իրենց տիպիկ մոտեցումն ու վերաբերմունքը պետության ուժային կառույցների, հատկապես բանակի նկատմամբ: Նրանք չեն մերժում իրենց հետրորդներին ծառայել բանակում և զենք կրել, սակայն տրամադրում են նրանց, որպեսզի այդ զենքը, ինչ էլ լինի, չօգտագործեն. սա ներքին մեծ վտանգ է: Հայրենիքը պաշտպանելու համար երբեմն պետք է նաև  զենք կիրառել:  
Եզրակացություն անելով` պետք է ասել, որ այս աղանդները մեծ վտանգ են ներկայացնում մեր երկրի հասարակության, ազգային արժեքների և պետության ամրապնդման համար:


Комментариев нет:

Отправить комментарий