пятница, 6 июля 2012 г.

Իմաստասիրական Զրույցներ


Երջանկությունը դրամի մէջ չէ
    Աշակերտը հարցնում է Ուսուցչին «Ճի՞շտ է արդյոք այն խոսքը, թէ երջանկությունը դրամի մէջ չէ»։ «Բացարձակապես ճիշտ է,- պատասխանում է ուսուցիչը,- քանի որ դրամով կարելի է գնել անկողին, բայց ոչ քուն, ուտելիք, բայց ոչ ախորժակ, դեղորայք, բայց ոչ առողջություն, ծառայ, բայց ոչ բարեկամ, կին, բայց ոչ սեր, բնակարան, բայց ոչ ընտանեկան օջախ, ուսուցիչ, բայց ոչ գիտելիք․․․ Թվարկումը կարելի է երկար շարունակել»։

Փայտե կերակրաման
      Մի մարդ շատ էր ծերացել՝  աչքերը կուրացել էին, լավ չէր լսում, ծնկները ծալվում էին: Ուտելիս ձեռքերը դողում էին, և հաճախ ապուրը թափում էր սփռոցին: Որդին ու հարսը զզվանքով էին նայում նրան եւ կարճ ժամանակ անց ծերունուն տան մի առանձին անկյունում էին կերակուր տալիս՝  հին ափսեով: Իր անկյունից ծերունին տխրությամբ էր նայում սեղանին ու նրա շուրջ նստած զավակներին: Մի անգամ էլ ձեռքերն այնպէս դողդողացին, որ ափսեն ձեռքից ընկավ և կոտրվեց: Ջահել տանտիրուհին բարկացավ, սկսեց հայհոյել ծերունուն, բայց նա  ոչինչ  չասաց, միայն խորը հոգոց քաշեց: Որդին հոր համար փայտե  աման գնեց, և ծերունին սկսեց ճաշ ուտել այդ ամանից:
       Մի անգամ, երբ ծնողները նստած էին ճաշի սեղանի մոտ, սենյակ մտավ նրանց չորս տարեկան որդին՝  ձեռքին փայտե մի կտոր:
- Ի՞նչ ես անելու այդ փայտը,- հարցրեց հայրը:
-Կերակրաման եմ սարքելու,- պատասխանեց տղան,- երբ մեծանամ, հայրիկիս ու մայրիկիս դրանով ճաշ կտամ:
                                                           
                                                        ----  ----  ---- ----
   
    Մի անմիտ մարդ հունապի ծառը դժնիկ կարծելով` հարված տվեց նրան:
Ծառը զայրացավ և ասաց.
-Ով անագորույն, ծառն իր պտղից պետք է ճանաչել և ոչ թե տեսքից:


Հոր կտակը գանձի մասին
Մի աղքատիկ, բայց իմաստուն մարդ ծույլ որդիներ ուներ: Երբ մահվան ժամը հասավ, նա իր մոտ կանչեց որդիներին և ասաց. «Որդիներ, իմ պապերից շատ գանձեր կան պահված մեր այգում: Ես տեղը չեմ ուզում ցույց տալ: Ձեզանից ով որ լավ աշխատի, և հողը խորը փորի, նա պիտի գտնի գանձը»:
       Հոր մահից հետո որդիները սկսեցին շատ աշխատել ու ջանք թափել: Ամեն մեկն ուզում էր ավելի շատ փորել հողը, որ ինքը գտնի գանձերը:
       Այգին սկսեց աճել ու զորանալ և առատ պտուղ տալ: Այսպիսով գանձի ու հարստության տեր դարձան հոր կտակը պահող որդիները:

Լեզուն ու ատամները
  Եղել է չի եղել, աշխարհում մի տղա է եղել: Նա այնպիսի մի հիվանդություն ուներ, որով տառապում են նաև մեծահասակները: Մի խոսքով, նա անընդհատ շատախոսում էր:
-Այս ի՞նչ կրակ պատիժ է լեզուն, -փնթփնթում էին ատամները: Տեսնես երբևէ կլինի՞, որ գոնե մի պահ դադար առնի:
-Ինձ հետ ի՞նչ գործ ունեք,-ասաց անպատկառ լեզուն: Աղացեք այն, ինչ-որ կտամ ձեզ և լռեք: Ահա` էլ ասելիք չունեմ: Մեր միջև ոչ մի ընդհանուր բան չկա: Ես ոչ մեկին թույլ չեմ տա խառնվել իմ գործերին, մանավանդ հիմար խորհուրդներով:
  Եվ տղան շարունակեց անդադրում բլբլացնել հարկի ու անհարկի: Լեզուն, երանության գիրկն ընկած, արտաբերում էր նորանոր իմաստակություններ` չհասցնելով նույնիսկ դրանց իմաստը հասկանալ: Ահա մի անգամ էլ տղան անսահման չաչանակությունից ընկավ ծուղակը, և որպեսզի նեղ վիճակից մի կերպ դուրս գա, նա լեզվին զոռ տալով` սկսեց ստեր հորինել: Այնժամ ատամներն էլ չդիմացան, նրանց համբերությունը սպառվեց: Նրանք այնպես սեղմվեցին, որ ուժեղ կծեցին չափն անցկացրած սուտասանին: Լեզուն արյունոտվեց, իսկ տղան ամոթից լաց եղավ:
  Այդ օրից լեզուն դարձավ շատ երկչոտ ու զգուշավոր, իսկ որևէ բան ասելու համար` երկար մտածում էր:                                                                                                                                                                  
                                                         ----  ---- ---- ----

Ավազակը մի քահանայի բռնելով`կամենում էր սպանել նրան: Քահանան ուժ առավ, հաղթահարեց ավազակին և, ինչպես պետք էր, սկսեց տանջել նրան:
Ավազակը աղաչում էր և ասում.  
- Չէ՞ որ քահանա ես դու և միշտ ասում ես «խաղաղություն ամենեցուն» ու  սրա նման շատ բաներ, ուրեմն ինչու՞ ես տանջում ու չարչարում ինձ:
-Ո՜վ դու չարագործ, - պատասխանեց քահանան, -ես հենց խաղաղություն պահպանելու համար եմ տանջում քեզ, որովհետև դու չես սիրում խաղաղությունը: 


 Ամենա, ամենան
  Թաղիեսին, որ յոթ իմաստուններից մեկն էր համարվում, մի անգամ  հարցրեցին, թե ինչն է դժվար, ինչը հեշտ:
   «Ամենադժվար գործն այն է,- պատասխանեց ծերունի իմաստունը,- որ մարդը կարողանա իր թերություններն ունենալը տեսնի, իսկ ամենահեշտ բանն էլ` ուրիշի մեղքերն ու թերությունները տեսնելն է»:                                                                                                                                         
                                                   ----  ---- ----  ----

Մի փոքրիկ աղջիկ իրենց դռան առջև նստած կար էր անում: Մայրը նրան դրամ տվեց, որ նա գնա և իր համար միրգ գնի: Այդ ժամանակ մի թշվառ ու աղքատ մարդ մոտեցավ նրանց դռանը` ողորմություն խնդրելով: «Միրգ ուրիշ անգամ էլ կառնեմ,- մտածեց աղջիկը,- բայց այս աղքատը միգուցե շատ է քաղցած», և ձեռքի դրամը տվեց նրան: Աղքատը հազար ու մի օրհնություն տվեց աղջկան ու հեռացավ: Մայրը, երբ իմացավ աղջկա արարքի մասին անչափ ուրախացավ, որ իր զավակը բարի սիրտ և աղքատասեր հոգի ունի,  քանի որ գիտեր, եթե մենք աղքատի աղաչանքը լսենք, Աստված էլ մեր խնդրանքները կլսի:

Պատվի մասին
Գավառներից մեկի թագավորը վախճանվել էր, և երբ իշխաններն ու նախարարները նոր թագավոր ընտրելու համար չէին կամենում միաբանվել, մի շինականի որդու իրենց թագավոր կարգեցին: Իսկ նրա հայրը, գալով և իր որդուն թագավորական հանդերձանքով տեսնելով, նրան սասց.
-Որդյա՛կ, ինձ ճանաչու՞մ ես:
-Ինչպե՞ս կարող եմ ճանաչել, քանի որ ինձ չեմ ճանաչում,-պատասխանեց նա: 
                                          ---- ---- ---- ---- ----

Ուսումնատենչ մեկը, ուրիշ երկրից գալով Փարիզ քաղաք, ուսումնական մի հաստատություն մտավ, որտեղ աստվածաբանություն էին դասավանդում: Եվ երբ վարդապետի բերանից լսեց կարդացվող այս խոսքը, թե` «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով» (Մատթ., 22. 37), անմիջապես վերկենալով` դուրս եկավ: Այս տեսնելով` ամենքն էլ զարմացան: Վարդապետը նրան հարցրեց.
՞նչ եղավ քեզ, կամ ի՞նչ ասվեց, որ դուրս ելար:
Պատասխանեց.
-Ոչինչ, բայց մինչև ուրիշ խոսք լսելը, նախ կամենում եմ գործով կատարել լսածս:
                                              ---- ---- ---- ---- ----

Պատմում են, որ Հռոմում ապրող մի մարդ կար, որը մի որդի ուներ և շատ սիրելով նրան այնքան էր երես տվել, որ նա այլևս չկարողանլով իրեն զսպել, հայհոյում էր, երբ ինչ որ բան դուրը չէր գալիս: Եվ նա այն աստիճան հանդգնեց, որ սկսեց Աստծո  սրբությունների դեմ բերան բացել: Ու եղավ այնպես, որ այդ ժամանակ սկսվեց ժանտախտ տարածվել այդտեղ: Դրանով վարակված տղան իր հոր ձեռքերի մեջ էր ու դևերը ուզում էին խլել նրա մեղավոր հոգին: Տեսնլով նրանց, փոքրիկը սարսափից ու ահից ճչում էր. «Հայրի՛կ, հայրի՛կ, ինձ դրանց ձեռքից ազատիր»: Անհանգստացած հայրը հարցրեց նրան. «Ի՞նչ ես տեսնում տղաս»: Որդին պատասխանեց. «Ահա դևերը եկել են ու ուզում են տանել ինձ»: Եվ հետո սկսեց հայհոյել կեղտոտ բառերով ու նույն ժամին մեռավ հոր գրկում: 


Որթատունկն ու գյուղացին
Խաղողի որթը չէր կարող աշխարհով մեկ չլիներ՝ տեսնելով, թե գարունը բացվելուն պես գյուղացին ինչպիսի խնամքով է փխրեցնում իր շուրջբոլորը՝ աշխատելով հանկարծ բահով չվնասել նուրբ արմատները, որպիսի հոգածությամբ էր խնամք տանում իր նկատմամբ, կապում-կապկպում, դիմացկուն խեչակներ դնում տակը, որպեսզի ինքը հեշտ ու հանգիստ աճի: Նման հոգատար վերաբերմունքից զգացված՝ որթատունկը որոշեց ինչ գնով էլ լինի` գյուղացուն քաղցր, հյութառատ ողկույզներ պարգևել:
Այգեկութին վազի վրա վերից վար կախվել էին խոշոր ճութերը: Փութառատ այգեպանը բոլոր ողկույզները մեկիկ-մեկիկ քաղեց և զգույշորեն դարսեց կողովի մեջ: Ապա մի պահ մտմտալով` քանդեց-հանեց ցից ու հենակ և դարձրեց վառելիք: Իսկ խեղճ որթատունկին բան չէր մնում անելու, քան մորմոքվել հանիրավի վիրավորանքից և ձյուն-ձմեռնոցին գետին փռված դողդողալ: Բայց հաջորդ տարին նա այլևս նախկին շռայլը չունեցավ, և կարճամիտ այգետերը, ինչպես որ պետքն էր, ստացավ իր ագահության վարձը:


Աշխատանքի հարգը
Մի մարդ մի որդի ուներ: Երբ այդ որդին բավական հասունացավ, հայրն ասաց.
-Տղաս, հիմա արդեն մեծացել ես, քո գլուխն ինքդ պահելու ժամանակն է, վաղվանից գնա փող շահիր, գլուխդ պահիր:
Տղան մոլորված` գնում է մորն ամեն ինչ պատմում: Մայրն էլ, թե` մի՛ տխրի, ահա քեզ  մի ոսկի, երկու օր գնա պտտվի, տար հորդ տուր, ասա` վաստակել եմ: Երկու օր հետո գնում է հոր մոտ, որը գետի ափին նստած` ծխում էր: «Ահա մեկ ոսկի աշխատեցի»,- ասում է որդին և տալիս հորը: Հայրը վերցնում է ոսկին և ասում` ապրե՛ս, ու ոսկին նետելով ջուրը` ավելացնում.«Գնա՛ նորից աշխատիր»:
Տղան զարմացած` գնում է մորը պատմում: Մայրը կրկին մի ոսկի է տալիս: Հայրը նորից գցում է ջուրը: Այսպես երեք անգամ, ըստ կարգի, խորհրդավոր թվի: Երրորդ անգամին մորը պատմում է, մայրը, թե` հիմա գնա՛ քո քրտինքով աշխատիր, բե՛ր, տեսնենք ի՛նչ կանի հայրդ: Տղան գնում զարկվում է այս կողմ, այն կողմ, վերջապես մի ոսկի է շահում, բերում տալիս է հորը: Հայրն այս անգամ էլ է ցանկանում գցել ջուրը, բայց տղան բռնելով հոր ձեռքից` ասում է.
՞նչ ես անում, ափսոս է, քրտինք եմ թափել:
-Իսկապե՞ս, դե հիմա հաստատ ապրես. հիմա հասկացար աշխատանքի հարգը, քրտինք թափելու արժեքը: Հիմա մարդ կդառնաս:



Աղյուս թագավորը
Մի հարուստ մարդ է մեռել ժամանակով և երկու որդիներին թողել է ժառանգություն` շատ փող, կալվածքներ, հողեր և մի տուն: Որդիները կռվում են իրար հետ հարստությունը բաժանելուց հետո. մեկն ասում է` տունն իմն է, իսկ մյուսը, թե իմն է: Վեճին վերջ չկար: Մեկ էլ` Աստծո հրամանով պատի միջից մի աղյուս լեզու է առնում և խոսում.
-Այդ տունը ոչ մեկինդ չէ: Ես ուժեղ, հարուստ թագավոր էի, երեք հարյուր տարի թագավորեցի` հզոր ու հարուստ, հետո մահացա, երեք հարյուր տարի պառկեցի գերեզմանի մեջ, փտեցի, հող դառա: Մի մարդ եկավ, իմ հողից կավ շինեց, կավից էլ մի ջրի փարչ (աման): Երեսուն տարի փարչ մնացի, հետո ջարդվեցի, գցեցին դուրս: Նորից հող դարձա, հարյուր տարի հող մնացի: Հետո եկավ մի մարդ, այս օրվանից հիսուն տարի առաջ, հողս առավ, աղյուս շինեց և շարեց այս տան պատի մեջ: Հիմա չգիտեմ, ի՞նչքան պիտի մնամ այս պատի մեջ և հետո ի՞նչ պիտի լինեմ, ի՞նչ պիտի դառնամ: Մի՛ կռվեք, ամեն ինչ այս աշխարհում անցավոր է, հող ու փոշի…






Комментариев нет:

Отправить комментарий